ԱՌԱԿՆԵՐ 19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Իր պարկեշտությամբ ընթացող աղքատն ավելի լավ է, քան թե նենգ շրթունքներ ունեցողը, որը նաև անմիտ է։ 2 Լավ չէ նաև անգետ մարդը, և ոտքերով շտապողը կխոտորի. 3 Մարդու հիմարությունը կործանում է նրա ճանապարհը, և նրա սիրտը մոլեգնում է Տիրոջ դեմ։ 4 Հարստությունը շատ բարեկամներ է ավելացնում, իսկ աղքատը լքվում է իր ընկերոջից։ 5 Սուտ վկան անպատիժ չի մնա, և ստեր արտաբերողը չի ազատվի։ 6 Շատերն են փնտրում իշխանավորի բարեհաճությունը, և բոլորը բարեկամ են նվեր տվողին։ 7 Աղքատի բոլոր եղբայրներն ատում են նրան, էլ ո՞ւր մնաց, որ նրանից չհեռանան նրա բարեկամները. նա խոսքերով հետապնդում է նրանց, բայց նրանք չկան։ 8 Խելք վաստակողը իր հոգին է սիրում, խոհեմություն պահողը բարիք է գտնելու։ 9 Սուտ վկան անպատիժ չի մնա, իսկ ստեր արտաբերողը կկորչի։ 10 Անմիտին վայել չէ փափկությունը, էլ ո՞ւր մնաց ծառային՝ իշխանների վրա իշխելը։ 11 Մարդու ուշիմությունը նրան համբերատար է դարձնում, և նրա փառքը հանցանքն անտեսելն է։ 12 Թագավորի բարկությունն առյուծի մռնչյունի նման է, իսկ նրա բարեհաճությունը խոտի վրայի ցողի պես է։ 13 Անմիտ տղան աղետ է իր հոր համար, իսկ կնոջ վեճերը անընդհատ կաթկթոցի պես են։ 14 Տունը և ունեցվածքը ժառանգություն են հայրերից, բայց ուշիմ կինը Տիրոջից է։ 15 Ծուլությունը թմբիրի մեջ է գցում, և թույլ մարդը կսովածանա։ 16 Պատվիրաններ պահողն իր հոգին է պահում. նրա ճանապարհներն անարգողը կմեռնի։ 17 Աղքատին ողորմացողը փոխ է տալիս Տիրոջը, և նա կհատուցի նրան հասանելիքը։ 18 Խրատի՛ր որդուդ, քանի դեռ հույս կա, և նրա մահվանը կամակից մի՛ եղիր։ 19 Բարկացկոտը պատիժ կկրի, որովհետև եթե նրան ազատես, կրկին նույնը պիտի անես։ 20 Խորհո՛ւրդ լսիր և խրա՛տ ընդունիր, որպեսզի քո հետագայում իմաստուն լինես։ 21 Մարդու գլխում շատ մտադրություններ կան, բայց Տիրոջ խորհուրդը պիտի հաստատվի։ 22 Ինչ որ փափագելի է մարդու մեջ, հավատարմությունն է, և աղքատը ստախոս մարդուց լավ է։ 23 Տիրոջ երկյուղը դեպի կյանք է տանում, և մարդ նրանով գոհացած կհանգչի և ձախորդության չի հանդիպի։ 24 Ծույլն իր ձեռքը ամանի մեջ է թաղում, բայց այն դեպի բերանն էլ չի տանում։ 25 Ծաղր անողին ծեծի՛ր, և միամիտը խորագետ կդառնա. և եթե ըմբռնողին հանդիմանես, նա գիտություն կվաստակի։ 26 Ամոթ և խայտառակություն է բերում այն զավակը, որ բռնանում է հոր վրա ու վտարում է մորը։ 27 Որդյա՛կ իմ, հրաժարվի՛ր այն խրատը լսելուց, որը քեզ մոլորեցնում է գիտության խոսքերից։ 28 Անպիտան վկան ծաղրում է արդարությունը, իսկ անիրավների բերանը չարություն է կուլ տալիս։ 29 Ծաղր անողների համար դատավճիռներ են պատրաստ, և ծեծեր՝ անմիտների թիկունքի համար։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia