ԱՌԱԿՆԵՐ 18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Մեկուսացած մարդն իր փափագն է որոնում, ընդդիմանում է ամեն ողջամտության։ 2 Անմիտը խոհեմությունից հաճույք չի ստանում, այլ իր սրտի մեջ եղածն է արտահայտում։ 3 Անիրավության գալու ժամանակ անարգանքն էլ կգա, իսկ նախատինքի հետ՝ խայտառակությունը։ 4 Մարդու բերանի խոսքերը խոր ջրեր են, իմաստության աղբյուրը առատաբուխ վտակ է։ 5 Հօգուտ անիրավի կողմնապահություն անելը լավ չէ, ոչ էլ արդարին իրավունքից զրկելը։ 6 Անմիտի շրթունքները կռվի մեջ կմտնեն, և նրա բերանը ծե՜ծ է կանչում։ 7 Անմիտի բերանը նրա կործանումն է, իսկ նրա շրթունքները՝ որոգայթ իր անձի համար։ 8 Քսու մարդկանց խոսքերը քաղցր պատառների նման են. նրանք իջնում են մարմնի խորքերը։ 9 Ով իր գործի մեջ թույլ է, կործանողի եղբայրն է։ 10 Տիրոջ անունն ամուր աշտարակ է. արդարը վազում է այնտեղ և ապաստան գտնում։ 11 Հարուստի ունեցվածքն իր ամուր բերդաքաղաքն է և նրա երևակայության մեջ բարձր պարսպի նման է։ 12 Մարդու սիրտը հպարտանում է իր կործանումից առաջ, բայց խոնարհությունը փառքից առաջ է գնում։ 13 Ով խոսքին պատասխանում է նախքան լսելը, դա նրա համար հիմարություն և նախատինք է։ 14 Մարդու հոգին հիվանդության պահին նեցուկ է լինում նրան, բայց կոտրված հոգին ո՞վ կարող է մխիթարել։ 15 Ողջախոհ միտքը գիտություն է ստանում, իսկ իմաստունների ականջը գիտություն է որոնում։ 16 Մարդու ընծան տեղ է բացում նրա համար և նրան մեծամեծերի առաջ է տանում։ 17 Իր դատն առաջինը ներկայացնողը արդար է երևում, մինչև գալիս է հակառակորդը և քննում նրան։ 18 Վիճակը դադարեցնում է կռիվները և բաժանում զորավոր հակամարտողներին։ 19 Դառնացած եղբայրն ամուր քաղաքից անառիկ է, և կռիվները բերդի նիգերի նման են։ 20 Մարդու բերանի պտղից նրա փորը կկշտանա. նա կհագենա իր շրթունքների արդյունքից։ 21 Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, և նրան սիրողները կուտեն նրա պտուղը։ 22 Առաքինի կին գտնողը բարիք է գտել և Տիրոջից բարեհաճություն ստացել։ 23 Աղքատն աղաչանքներով է խոսում, բայց հարուստը պատասխանում է խստությամբ։ 24 Ընկերներ կան, որոնք կործանում են բերում, բայց ընկեր կա, որ եղբորից ավելի հավատարիմ է։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia