Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԱՄՈՎՍ 7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Մորեխների տեսիլքը

1 Տեր Աստված ինձ այսպես ցույց տվեց. ահա վերջին խոտի բուսնելու սկզբում մորեխներ ստեղծեց, և ահա վերջին խոտը թագավորի հունձից հետո էր։

2 Եվ երբ որ երկրի խոտն ամբողջովին կերան, այն ժամանակ ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, աղաչում եմ, ների՛ր. Հակոբն ինչպե՞ս կանգնի, քանի որ փոքր է»։

3 Տերը զղջաց սրա համար։ «Չի լինելու»,- ասաց Տերը։


Կրակի տեսիլքը

4 Տեր Աստված ինձ այսպես ցույց տվեց. և ահա Տեր Աստված կանչում էր, որ կրակով դատի. և այն լափեց Մեծ անդունդը և ուտում էր տարածքը։

5 Եվ ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, դադարեցրո՛ւ. Հակոբն ինչպե՞ս կանգնի, քանի որ փոքր է»։

6 Տերը զղջաց սրա համար։ «Սա ևս չի լինելու»,- ասաց Տեր Աստված։


Կապարալարի տեսիլքը

7 Եվ ինձ այսպես ցույց տվեց. Տերն ահա կանգնել էր կապարալարով կառուցված պատի վրա, ձեռքին՝ մի կապարալար։

8 Եվ Տերն ինձ ասաց. «Ամո՛վս, ի՞նչ ես տեսնում», և ես ասացի. «Մի կապարալար»։ Եվ Տերն ասաց. «Ահա ես կապարալար եմ դնում իմ Իսրայել ժողովրդի մեջ, այլևս նրան չեմ խնայելու։

9 Եվ ավերակ պիտի դառնան Իսահակի Բարձր տեղերը, և պիտի քանդվեն Իսրայելի սրբարանները, և ես սրով Հերոբովամի տան դեմ պիտի կանգնեմ»։


Ամովս և Ամասիա

10 Ապա Բեթելի քահանա Ամասիան լուր ուղարկեց Իսրայելի Հերոբովամ թագավորին՝ ասելով. «Իսրայելի տան մեջ Ամովսը դավադրում է քո դեմ, երկիրը չի կարող տանել նրա բոլոր խոսքերը։

11 Որովհետև Ամովսն այսպես է ասում. “Հերոբովամը սրով պիտի մեռնի, և Իսրայելն իր երկրից անպատճառ գերի պիտի տարագրվի”»։

12 Եվ Ամասիան ասաց Ամովսին. «Ո՛վ տեսանող, գնա՛, փախի՛ր Հուդայի երկիրը և այնտե՛ղ հաց կեր ու այնտե՛ղ մարգարեացիր։

13 Եվ Բեթելում այլևս չշարունակես մարգարեանալը, որովհետև այն թագավորի սրբարանն է և թագավորության տաճարն է»։

14 Ամովսը պատասխանեց և ասաց Ամասիային. «Ես մարգարե չեմ և ոչ էլ մարգարեի որդի, այլ հովիվ եմ ես և մոլաթուզ քաղող։

15 Բայց Տերն ինձ վերցրեց հոտերի հետևից և Տերն ինձ ասաց. “Գնա՛, մարգարեացի՛ր Իսրայելի իմ ժողովրդին”։

16 Իսկ հիմա Տիրոջ խո՛սքը լսիր. “Դու ասում ես՝ Իսրայելի մասին մի՛ մարգարեացիր և մի՛ քարոզիր Իսահակի տան դեմ”։

17 Ուստի Տերն այսպես է ասում. “Քո կինը քաղաքի մեջ պիտի պոռնկանա, քո որդիներն ու դուստրերը սրով պիտի ընկնեն, և քո երկիրը լարով պիտի բաժանվի, դու անմաքուր հողի վրա պիտի մեռնես, և Իսրայելն էլ իր երկրից անպատճառ գերի պիտի տարագրվի”»։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ