Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԱՄՈՎՍ 3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Տիրոջ կշտամբանքն իսրայելացիներին

1 Լսե՛ք այս խոսքը, որ Տերը խոսել է ձեր դեմ, ո՛վ Իսրայելի որդիներ, այն ամբողջ սերնդի դեմ, որ հանեցի Եգիպտոսի երկրից՝ ասելով.

2 «Երկրի բոլոր ազգատոհմերից միայն ձեզ եմ ճանաչել, դրա համար ձեզ պիտի պատժեմ ձեր բոլոր անօրենությունների համար։


Մարգարեի գործը

3 Մի՞թե երկուսով միասին կգնան, եթե համաձայնված չլինեն։

4 Մի՞թե առյուծը կմռնչա անտառում, եթե որս չունենա, մի՞թե կորյունը ձայն կհանի իր որջից, եթե մի բան որսած չլինի։

5 Մի՞թե թռչունը գետնի վրա ցանցի մեջ կընկնի, եթե որոգայթը չլինի. մի՞թե ցանցը բարձրանում է գետնից, եթե մի որս որսած չլինի։

6 Կամ երբ փող փչվի քաղաքում, ժողովուրդը չի՞ սարսափի, կամ քաղաքին չարիք կհասնի՞, եթե այն Տերը արած չլինի։

7 Որովհետև Տեր Աստված ոչինչ չի անի, մինչև որ իր խորհուրդը չհայտնի իր ծառաներին՝ մարգարեներին։

8 Առյուծը մռնչաց, ո՞վ չի վախենա, Տեր Աստված խոսեց, ո՞վ չի մարգարեանա»։


Սամարիայի դատավճիռը

9 Ազդարարե՛ք Ազովտոսի ամրոցների վրա և Եգիպտոսի երկրի մեջ՝ ամրոցների վրա, և ասացե՛ք. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռների վրա և տեսե՛ք նրա միջի բազում խռովությունները և նրա մեջ գործված հարստահարությունները։

10 Նրանք ուղիղն անել չգիտեն,- ասում է Տերը,- այլ իրենց ամրոցներում բռնություն ու հափշտակություն են դիզում»։

11 Սրա համար Տեր Աստված այսպես է ասում. «Թշնամի՜ն պատել է երկրի շուրջը։ Նա քեզնից պիտի խլի քո ուժը, և քո ամրոցները պիտի կողոպտվեն»։

12 Տերն այսպես է ասում. «Ինչպես որ հովիվն է առյուծի բերանից երկու սրունք կամ մի ականջի կտոր ազատում, այդպես պիտի ազատվեն Իսրայելի որդիները, որոնք բնակվում են Սամարիայում՝ բազմոցի անկյունով և Դամասկոսի կերպասով զարդարված անկողնու բեկորով»։

13 «Լսե՛ք և վկայե՛ք Հակոբի տան դեմ,- ասում է Տեր Աստված՝ Զորքերի Աստվածը։-

14 Այն օրը, երբ Իսրայելի հանցանքների պատիժը կբերեմ իր վրա, կպատժեմ նաև Բեթելի զոհասեղանները. այն ժամանակ կկոտրվեն զոհասեղանի եղջյուրներն ու գետին կընկնեն։

15 Եվ ես կկործանեմ ձմեռային տունն ու ամառային տունը, և կկորչեն փղոսկրով զարդարված տները, մեծամեծ տներն էլ կբնաջնջվեն»,- ասում է Տերը։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ