Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԱՄՈՎՍ 2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


զ. Մովաբ

1 Այսպես է ասում Տերը. «Մովաբի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նա Եդովմի թագավորի ոսկորներն այրելով կիր դարձրեց։

2 Այլ կրակ պիտի գցեմ Մովաբի վրա, և այն պիտի լափի Կարիոթի պալատները, իսկ Մովաբը աղաղակելով, աղմուկով և փողի ձայնով պիտի մահանա։

3 Եվ նրա միջից պիտի վերացնեմ դատավորին և նրա բոլոր իշխաններին պիտի մեռցնեմ»,- ասում է Տերը։


է. Հուդա

4 Այսպես է ասում Տերը. «Հուդայի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք մերժեցին Տիրոջ օրենքը և նրա կանոնները չպահեցին, նրանց մոլորեցրին իրենց ստերը, որոնց հետևից գնացել էին իրենց հայրերը։

5 Այլ ես կրակ պիտի գցեմ Հուդայի վրա, և այն պիտի լափի Երուսաղեմի պալատները»։


Աստծու դատաստանը Իսրայելի դեմ

6 Այսպես է ասում Տերը. «Իսրայելի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք արդարին փողով ծախեցին, իսկ կարիքավորին՝ մի զույգ կոշիկով։

7 Նրանք կոխկռտում են աղքատների գլխին, ինչպես որ կոխում են երկրի հողի վրա, խոնարհների ճանապարհը շեղում են, և որդին ու իր հայրը միևնույն աղջկա մոտ են գնում, որպեսզի պղծեն իմ սուրբ անունը։

8 Եվ պառկում են ամեն մի զոհասեղանի մոտ գրավ առնված հանդերձների վրա և իրենց աստվածների տանը խմում են բռնագրավված գինին։

9 Ես նրանց առաջ բնաջնջեցի ամորհացուն, որի բարձրությունը եղևնիների բարձրության պես էր, և որը պինդ էր կաղնիների նման։ Եվ ես նրա վրայից վերացրի իր պտուղը, իսկ տակից՝ նրա արմատները։

10 Եվ ես ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից և քառասուն տարի ձեզ անապատում առաջնորդեցի, որպեսզի ժառանգեիք ամորհացիների երկիրը։

11 Եվ ձեր որդիների միջից մարգարեներ հանեցի և ձեր երիտասարդներից՝ նվիրյալներ. մի՞թե այդպես չէ, ո՛վ Իսրայելի որդիներ»,- ասում է Տերը։

12 «Սակայն դուք նվիրյալներին գինի խմեցրիք և մարգարեներին հրամայեցիք՝ ասելով. “Մի՛ մարգարեացեք”։

13 Ահա ես ձեզ պիտի ճզմեմ, ինչպես որ ճզմում է խրձերով լի սայլը։

14 Եվ ամենաարագաշարժն անգամ չի կարող փախչել, և զորավորին չի արիացնի նրա ուժը, և հզորը չի ազատի իր անձը։

15 Աղեղ բռնողը չի կանգնի, և վազորդը իրեն չի ազատի, և ձի հեծածը չի փրկվի։

16 Եվ հզորների մեջ քաջասիրտը պիտի թողնի զենքերը և փախչի այդ օրը»,- ասում է Տերը։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ