Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Դավիթը գրավում է Ռաբբան
( Բ Թագ. 12.26-31 )

1 Պատահեց, որ հաջորդ տարի, այն ժամանակ, երբ թագավորները դուրս են գալիս պատերազմի, Հովաբը դուրս հանեց իր զորագնդերը, ավերակի վերածեց ամմոնացիների երկիրը և եկավ պաշարեց Ռաբբան։ Դավիթը մնում էր Երուսաղեմում։ Հովաբը գրավեց Ռաբբան և կործանեց այն։

2 Դավիթը նրանց թագավորի թագն առավ նրա գլխից և գտավ, որ դա մի տաղանդ ոսկու քաշ ուներ, և դրա վրա թանկարժեք քարեր կային։ Այն դրեցին Դավթի գլխին. նա խիստ շատ ավար վերցրեց այդ քաղաքից։

3 Նա այստեղ եղած ժողովրդին գործի դրեց սղոցներով, երկաթե ուրագներով ու կացիններով։ Դավիթն այսպես արեց ամմոնացիներին նրանց բոլոր քաղաքներում։ Ապա Դավիթը և ամբողջ զորքը վերադարձան Երուսաղեմ։


Պատերազմ փղշտացի հսկաների դեմ
( Բ Թագ. 21.15-22 )

4 Դրանից հետո Գազերում պատերազմ եղավ փղշտացիների դեմ։ Այն ժամանակ օսացի Սոբաքը հարվածեց Ռափայի որդիներից Սեփիային և նվաճեց նրանց։

5 Դարձյալ պատերազմ եղավ փղշտացիների դեմ, և Հայիրի որդի Ելեանանը հարվածեց գեթացի Գողիաթի եղբորը՝ Ղեեմիին, որի նիզակի փայտը ոստայնանկների գլանի չափ էր։

6 Կրկին պատերազմ եղավ Գեթում։ Այնտեղ կար բարձրահասակ մի մարդ, որի ձեռքի և ոտքի մատները վեց-վեց լինելով՝ քսանչորսն էին։ Նա էլ էր Ռափայի սերնդից։

7 Սա նախատեց իսրայելացիներին, ուստի Դավթի եղբոր որդի Սամայի որդին՝ Հովնաթանը, սպանեց նրան։

8 Սրանք Գեթում ծնվել էին Ռափայից և ընկան Դավթի ու նրա ծառաների ձեռքով։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ