Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 18 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԴավթի ռազմական հաղթանակները ( Բ Թագ. 8.1-18 ) 1 Դրանից հետո Դավիթը հարվածեց փղշտացիներին, նվաճեց նրանց, փղշտացիների ձեռքից գրավեց Գեթն ու նրա գյուղերը։ 2 Նա հարվածեց Մովաբին, և մովաբացիները դարձան Դավթի հարկատու ծառաները։ 3 Դավիթը Եմաթի մոտ հարվածեց նաև Սուբայի թագավոր Ադրաազարին, երբ նա գնում էր իր իշխանությունը հաստատելու Եփրատ գետի վրա։ 4 Դավիթը նրանից վերցրեց հազար մարտակառք, յոթ հազար ձիավոր և քսան հազար հետևակ զորք։ Դավիթը կտրեց բոլոր մարտակառքերի ձիերի ջղերը և դրանցից թողեց միայն հարյուր մարտակառքի համար։ 5 Երբ Դամասկոսից եկան ասորիները՝ օգնելու Սուբայի թագավոր Ադրաազարին, Դավիթը հարվածեց ասորիներին և քսաներկու հազար մարդ սպանեց։ 6 Դավիթը պահակազորք դրեց Դամասկոսի Ասորիքում, և ասորիները դարձան Դավթի հարկատու ծառաները։ Տերը հաղթություն էր տալիս Դավթին ամենուրեք, ուր որ նա գնում էր։ 7 Դավիթն առավ Ադրաազարի ծառաների վրա եղած ոսկե վահանները և դրանք բերեց Երուսաղեմ։ 8 Ադրաազարի քաղաքներից՝ Տեբաթից և Քունից, Դավիթը վերցրեց խիստ շատ պղինձ, որից Սողոմոնը պատրաստեց պղնձե ավազանը, սյուներն ու պղնձե անոթները։ 9 Երբ Եմաթի թագավոր Թովուն լսեց, թե Դավիթը ջարդել է Սուբայի թագավոր Ադրաազարի բոլոր զորքերը, 10 նա իր որդի Ադորամին ուղարկեց Դավիթ թագավորի մոտ՝ նրան ողջունելու և շնորհավորելու նրան, որ պատերազմել է Ադրաազարի դեմ ու նրան հաղթել (որովհետև Թովուն պատերազմներ էր մղել Ադրաազարի դեմ), և նա ամեն տեսակ ոսկե, արծաթե և պղնձե անոթներ ուղարկեց Դավթին։ 11 Դավիթ թագավորը դրանք էլ նվիրեց Տիրոջը այն արծաթի և ոսկու հետ, որ վերցրել էր բոլոր ազգերից՝ Եդովմի, Մովաբի, Ամմոնի որդիներից, փղշտացիներից և ամաղեկացիներից։ 12 Շարուհեայի որդի Աբեսսան Աղի ձորում տասնութ հազար մարդ ջարդեց եդովմացիներից։ 13 Նա պահակազորք դրեց Եդովմում, և բոլոր եդովմացիները դարձան Դավթի ծառաները։ Տերը հաղթություն էր տալիս Դավթին ամենուրեք, ուր որ նա գնում էր։ 14 Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա. նա իրավունք և արդարություն էր անում իր ամբողջ ժողովրդին։ 15 Շարուհեայի որդի Հովաբը զորքերի հրամանատար էր, Աքիղուդի որդի Հոսափատը՝ դիվանադպիր, 16 Աքիտովբի որդի Սադոկը և Աբիաթարի որդի Աբիմելեքը քահանաներ էին, և Սուսան՝ ատենադպիր։ 17 Հովիադայի որդի Բանեան թիկնազորի ղեկավար էր, իսկ Դավթի որդիները նախարարներ էին թագավորի կողքին։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia