Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

Ա Հովհաննես 2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Հիսուսը մեր բարեխոսն է

1 Որդյակնե՛ր իմ, սա գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր առաջ Հիսուս Քրիստոսին՝ արդարին։

2 Եվ նա է քավությունը մեր մեղքերի համար, և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի։

3 Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, եթե նրա պատվիրանները պահենք։

4 Ով ասում է. «Նրան ճանաչեցի», բայց նրա պատվիրանները չի պահում, ստախոս է, և նրա մեջ ճշմարտություն չկա։

5 Բայց ով նրա խոսքը պահում է, Աստծու սերը նրա մեջ հիրավի կատարյալ է. դրանով իմանում ենք, որ նրա մեջ ենք։

6 Ով ասում է. «Նրա մեջ եմ ապրում», պետք է ինքն էլ այնպես ընթանա, ինչպես որ նա ընթացավ։


Նոր պատվիրանը

7 Սիրելինե՛ր, ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում ձեզ, այլ հին պատվիրանը, որ սկզբից ունեիք, և հին պատվիրանն այն խոսքն է, որ լսեցիք։

8 Այդուհանդերձ նոր պատվիրան եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նրա մեջ ու ձեր մեջ, որովհետև խավարն անցնում է, և ճշմարիտ լույսն արդեն երևում է։

9 Ով ասում է, թե լույսի մեջ է և իր եղբորն ատում է, մինչև հիմա խավարի մեջ է։

10 Ով իր եղբորը սիրում է, լույսի մեջ է ապրում, և նրա մեջ գայթակղություն չկա։

11 Իսկ ով իր եղբորն ատում է, խավարի մեջ է ու խավարի մեջ է շրջում և չգիտի, թե ո՛ւր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը։


Չսիրել աշխարհը

12 Գրում եմ ձեզ, որդյակնե՛ր, որովհետև ձեր մեղքերը ներված են նրա անվան համար։

13 Գրում եմ ձեզ, հայրե՛ր, որովհետև ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե է։ Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև հաղթեցիք չարին։

14 Գրում եմ ձեզ, զավակնե՛ր, որովհետև ճանաչեցիք Հորը։ Գրեցի ձեզ, հայրե՛ր, որովհետև ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե է։ Գրեցի ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև դուք զորավոր եք, և Աստծու խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթեցիք չարին։

15 Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։

16 Եթե մեկն աշխարհը սիրում է, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկություն է և այս կյանքի ամբարտավանություն, Հորից չէ, այլ աշխարհից։

17 Թե՛ աշխարհն է անցնում, թե՛ նրա ցանկությունը, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան։


Նեռը՝ հակաքրիստոսը

18 Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է։ Ինչպես լսեցիք, Նեռը գալիս է, և արդեն իսկ բազում նեռեր են եկել, և դրանից էլ իմանում ենք, որ վերջին ժամանակն է։

19 Նրանք մեր միջից դուրս ելան, բայց մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, ապա մեզ հետ մնացած կլինեին։ Բայց պետք է հայտնի լինի, որ նրանք բոլորը մեզանից չեն։

20 Իսկ դուք օծում ունեք Սրբից և ամեն բան գիտեք։

21 Գրեցի ձեզ, ոչ իբրև թե ճշմարտությունը չգիտեք, այլ որովհետև գիտեք այն, նաև այն, որ ամեն ստություն ճշմարտությունից չէ։

22 Ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է, թե Հիսուսը չէ Քրիստոսը։ Նա Նեռն է, որ ուրանում է Հորը և Որդուն։

23 Ամեն ոք, ով Որդուն ուրանում է, չունի նաև Հորը։ Ով դավանում է Որդուն, ունի նաև Հորը։

24 Ինչ դուք սկզբից լսեցիք, թող բնակվի ձեր մեջ. եթե ձեր մեջ բնակվի այն, ինչ սկզբից լսեցիք, դուք էլ կբնակվեք Որդու և Հոր մեջ։

25 Եվ սա է այն խոստումը, որ նա խոստացավ մեզ, այսինքն՝ հավիտենական կյանքը։

26 Այս բաները ձեզ մոլորեցնողների մասին ձեզ գրեցի։

27 Եվ այն օծումը, որ դուք նրանից ընդունեցիք, ձեր մեջ է բնակվում։ Եվ կարիք չունեք, որ մեկը ձեզ ուսուցանի։ Բայց ինչպես նրա օծումն է ձեզ ուսուցանում ամեն ինչի մասին, ճշմարիտ է և ոչ սուտ. և ինչպես նա ձեզ ուսուցանեց, մնացե՛ք նրա մեջ։

28 Եվ այժմ, որդյակնե՛ր, մնացե՛ք նրա մեջ, որպեսզի երբ նա հայտնվի, համարձակություն ունենանք և նրա գալստյան ժամանակ նրանից չամաչենք։

29 Քանի որ գիտեք, որ նա արդար է, իմացե՛ք նաև, որ ամեն ոք, ով արդարություն է անում, նրանից է ծնված։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ