Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԺողովուրդը թագավոր է ուզում 1 Եվ երբ Սամուելը ծերացավ, իր որդիներին դատավորներ դրեց Իսրայելի վրա։ 2 Նրա անդրանիկ որդու անունը Հովել էր, իսկ երկրորդի անունը՝ Աբիա, և նրանք դատավորություն էին անում Բերսաբեեում։ 3 Բայց նրա որդիները չգնացին հոր ճանապարհով, այլ ընկան շահամոլության ետևից, կաշառք էին վերցնում և խեղաթյուրում իրավունքը։ 4 Եվ Իսրայելի բոլոր ծերերը հավաքվեցին ու գնացին Ռամա՝ Սամուելի մոտ։ 5 Եվ նրան ասացին. «Ահա դու ծերացել ես, և քո որդիները չեն գնում քո ճանապարհով։ Արդ մեզ վրա մի թագավո՛ր դիր, որ դատի մեզ, ինչպես ունեն բոլոր ազգերը»։ 6 Եվ Սամուելին այս բանը վատ թվաց, որ ասացին. «Մեզ մի թագավո՛ր տուր, որ դատի մեզ». և Սամուելը աղոթեց Տիրոջը։ 7 Եվ Տերը Սամուելին ասաց. «Լսի՛ր ժողովրդի խոսքը և այն ամենը, ինչ քեզ ասացին, որովհետև նրանք ոչ թե քեզ են մերժում, այլ մերժում են ինձ, որ չթագավորեմ իրենց վրա։ 8 Ինչպես բոլոր այն գործերը, որ նրանք արին իմ նկատմամբ՝ Եգիպտոսից նրանց հանելու օրից մինչև այսօր, որ լքեցին ինձ և ծառայեցին ուրիշ աստվածների, այդպես էլ անում են քո նկատմամբ։ 9 Եվ հիմա դու լսի՛ր նրանց խոսքը, բայց նրանց հայտնի՛ դարձրու և հասկացրո՛ւ այն թագավորի իրավունքը, որ իշխելու է իրենց վրա»։ 10 Եվ Սամուելը Տիրոջ բոլոր խոսքերն ասաց ժողովրդին, որը թագավոր էր ուզում իրենից։ 11 Եվ ասաց. «Ձեզ վրա իշխող թագավորի իրավունքը այս է լինելու. վերցնելու է ձեր տղաներին, տանելու է իր համար, դնելու է իր կառքերի ու ձիերի վրա, որ վազեն իր կառքերի առջևից։ 12 Եվ նրանց հազարապետներ ու հիսնապետներ է նշանակելու, որ նրանք հերկեն իր արտերն ու իր հունձը հնձեն և շինեն պատերազմի իր զենքերն ու իր կառքերի սարքը։ 13 Եվ վերցնելու է ձեր աղջիկներին, լինեն յուղագործ, խոհարար ու հացթուխ։ 14 Եվ վերցնելու է ձեր ընտիր արտերը, այգիներն ու ձիթենիները և տալու է իր ծառաներին։ 15 Եվ ձեր ցանքերից ու այգիներից տասանորդ է վերցնելու և տալու է իր ներքինիներին ու ծառաներին։ 16 Եվ վերցնելու է ձեր ծառաներին ու աղախիններին, ձեր լավագույն երիտասարդներին, ձեր էշերը և իր գործի համար ծառայեցնի։ 17 Ձեր հոտերից տասանորդ է վերցնելու, և դուք լինելու եք նրա ծառաները։ 18 Եվ այն օրը դուք կաղաղակեք ձեր ընտրած թագավորի պատճառով, բայց այդ օրը Տերը պատասխան չի տա ձեզ»։ 19 Սակայն ժողովուրդը չուզեց լսել Սամուելի խոսքը և ասաց. «Ո՛չ, թող անպատճառ մեզ վրա թագավոր լինի։ 20 Եվ մենք էլ լինենք բոլոր ազգերի պես, ու մեր թագավորը կառավարի մեզ. նա դուրս գա մեր առաջ և նա մեզ առաջնորդի մեր պատերազմներում»։ 21 Սամուելը լսեց ժողովրդի բոլոր խոսքերը և ասաց Տիրոջ ականջին։ 22 Եվ Տերը Սամուելին ասաց. «Լսի՛ր նրանց ձայնը և նրանց վրա թագավո՛ր դիր»։ Եվ Սամուելն այդ ժամանակ Իսրայելի որդիներին ասաց. «Թող ամեն մարդ իր քաղաքը գնա»։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia