Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Եվ Կարիաթարիմի մարդիկ գնացին ու Տիրոջ տապանակը վեր բարձրացրին և բերեցին Աբինադաբի տուն, որը բլրի վրա էր. և նրա որդուն՝ Եղիազարին, սրբագործեցին, որ պահպանի Տիրոջ տապանակը։

2 Եվ տապանակը Կարիաթարիմ բերած օրից հետո շատ օրեր անցան՝ քսան տարի, և Իսրայելի ամբողջ տունը հառաչեց Տիրոջ հետևից։


Սամուելը կառավարում է Իսրայելը

3 Այդ ժամանակ Սամուելը խոսեց Իսրայելի ամբողջ տան հետ և ասաց. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով դարձել եք դեպի Տերը, ապա հեռացրե՛ք օտար աստվածներին և Աստարովթին և ձեր սրտերը պատրաստե՛ք Տիրոջ համար, պաշտե՛ք միայն նրան, և նա ձեզ կազատի փղշտացիների ձեռքից»։

4 Եվ Իսրայելի որդիները հեռացրին Բահաղիմին ու Աստարովթին և միայն Տիրոջը ծառայեցին։

5 Եվ Սամուելն ասաց. «Ամբողջ Իսրայելը հավաքե՛ք Մասփայում, որպեսզի ձեզ համար աղոթեմ Տիրոջը»։

6 Եվ նրանք հավաքվեցին Մասփայում և ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը և այդտեղ ասացին. «Մեղք գործեցինք Տիրոջ դեմ»։ Եվ Մասփայում Սամուելը Իսրայելի որդիների առաջնորդ եղավ։

7 Եվ երբ փղշտացիները լսեցին, թե Իսրայելի որդիները հավաքվել են Մասփայում, փղշտացիների նախարարները ելան Իսրայելի դեմ. երբ Իսրայելի որդիները լսեցին, վախեցան փղշտացիներից։

8 Եվ Իսրայելի որդիներն ասացին Սամուելին. «Մեզ համար անդադար աղաղակի՛ր մեր Տեր Աստծուն, որ մեզ ազատի փղշտացիների ձեռքից»։

9 Եվ Սամուելը կաթնակեր մի գառնուկ վերցրեց և այն ամբողջովին ողջակեզ մատուցեց Տիրոջը. և Սամուելը Տիրոջն աղաղակեց Իսրայելի համար, և Տերը պատասխանեց նրան։

10 Եվ մինչ Սամուելը մատուցում էր ողջակեզը, փղշտացիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Եվ Տերը բարձր ձայնով նույն օրը որոտաց փղշտացիների վրա, խուճապի մատնեց նրանց, և նրանք Իսրայելի առաջ պարտվեցին։

11 Եվ Իսրայելի մարդիկ դուրս եկան Մասփայից և հալածեցին փղշտացիներին ու նրանց ջարդեցին մինչև Բեթքովրի տակ։

12 Եվ Սամուելը մի քար վերցրեց ու կանգնեցրեց Մասփայի և Սենի միջև և նրա անունը դրեց Աբենեզեր՝ ասելով. «Տերը մինչև այս տեղը օգնեց մեզ»։

13 Փղշտացիները մնացին գլխիկոր և այլևս չհարձակվեցին Իսրայելի սահմանի վրա, և Սամուելի բոլոր օրերին Տիրոջ ձեռքը փղշտացիների վրա էր։

14 Եվ այն քաղաքները, որ փղշտացիները վերցրել էին Ակկարոնից մինչև Գեթ, նրանք վերադարձրին Իսրայելին, և Իսրայելը նրանց սահմաններն ազատեց փղշտացիների ձեռքից, և խաղաղություն էր տիրում Իսրայելի ու ամորհացիների միջև։

15 Եվ Սամուելը Իսրայելի դատավորն էր իր կյանքի բոլոր օրերին։

16 Նա ամեն տարի գնում էր Բեթել, Գաղգաղա և Մասփա, շրջագայում էր բոլոր այդ տեղերում և դատում էր Իսրայելին։

17 Եվ վերադառնում էր Ռամա, որովհետև իր տունն այնտեղ էր, և այնտեղ դատում էր Իսրայելին. այնտեղ էլ զոհասեղան շինեց Տիրոջ համար։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ