ՍՈՓՈՆԻԱ 2 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչԿոչ խոնարհներին 1 Հավաքվե՛ք և աղաչե՛ք, ո՛վ անխրատ ազգեր, 2 քանի դեռ չեք դարձել անցավոր ծաղկի պես, քանի դեռ չի եկել Տիրոջ սաստիկ բարկության օրը։ 3 Փնտրե՛ք Տիրոջը, երկրի բոլո՛ր խոնարհներ, արդարադատությո՛ւն արեք և արդարությո՛ւն փնտրեք և պատասխա՛ն տվեք նրանց, որպեսզի թաքնվեք Տիրոջ բարկության օրը։ Սպառնալիքներ արևմուտքի ժողովուրդներին 4 Քանի որ Գազան կհափշտակվի, և Ասկաղոնը կավերվի, Ազովտոսը միջօրեին կկործանվի, և Ակկարոնն արմատախիլ կարվի։ 5 Վա՜յ ձեզ, որ բնակվում եք ծովի եզերքում, կրետացի բնակիչնե՛ր, Տիրոջ պատգամը ձեր դեմ է. Քանա՛ն, այլազգիների երկի՛ր, կվերացնեմ ձեզ բնակավայրից, 6 և Կրետեն կդառնա հոտերի արոտավայր և ոչխարների գոմ։ 7 Ծովեզերքը Հուդայի տան մնացորդներինը կլինի, և նրանց մեջ կճարակեն և Հուդայի որդիների երեսից երեկոյան դադար կառնեն Ասկաղոնի տներում, քանի որ նրանց այցի է ելել Տերը՝ իրենց Աստվածը, և կվերացնի նրանց գերությունը։ Սպառնալիքներ արևելքի ժողովուրդներին 8 «Լսեցի Մովաբի նախատինքները և Ամովնի որդիների թշնամանքները, որոնցով նախատում էին իմ ժողովրդին և մեծաբանում իմ սահմանների դեմ։ 9 Նրա համար եմ ես կենդանի,- ասում է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը,- որ Մովաբը Սոդոմի պես դառնա, և Ամովնի որդիները՝ Գոմորի պես, իսկ Դամասկոսը՝ լքված, ինչպես կալի դեզը, և հավիտյան ավերված։ Իմ ժողովրդի մնացորդները կհափշտակեն նրանց, և իմ ազգի մնացորդները կժառանգեն նրանց»։ 10 Եվ դա կլինի նրանց՝ իրենց հպարտության փոխարեն, քանի որ նախատեցին և մեծաբանեցին Ամենակալ Տիրոջ դեմ։ 11 Տերը կերևա նրանց դեմ և կկործանի ազգերի բոլոր աստվածներին, և կերկրպագեն նրան յուրաքանչյուրն իր տեղից ազգերի բոլոր կղզիները։ Սպառնալիքներ հյուսիսի և հարավի ժողովուրդներին 12 «Դուք ևս, եթովպացինե՛ր, իմ սրից սպանվածն եք։ 13 Իմ ձեռքը կերկարեմ հյուսիսի վրա և կկործանեմ ասորեստանցուն, Նինվեն ավերակ կդարձնեմ, անջրդի՝ ինչպես անապատը, 14 և կարածեն նրա մեջ հոտերն ու երկրի բոլոր գազանները, գետնառյուծներն ու ոզնիները կբնակվեն նրա հարկերում, գազանները կոռնան նրա նկուղներում, և ագռավները՝ նրա դռների վրա, քանի որ մայրու պես է նրա բարձրությունը»։ 15 Սա վրիժագործ քաղաք է՝ հույսով բնակվելով, որ ասում էր իր սրտում. «Ես եմ, և այլևս ոչ ոք չի լինի ինձանից հետո»։ Ինչպե՞ս դարձավ ավերակ, գազանների ճարակ. ամեն ոք, որ անցնի նրա միջով, կշչա և կշարժի իր գլուխը։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia