ՍԱՂՄՈՍՆԵՐ 95 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ տաճարը շինվեց 1 Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ տաճարը շինվեց Նոր օրհնությո՛ւն երգեք Տիրոջը, Օրհնեցե՛ք Տիրոջը, երկի՛ր համայն, 2 Օրհնեցե՛ք Տիրոջը և օրհնեցե՛ք նրա անունը, Օրըստօրե ավետարանե՛ք նրա փրկությունը, 3 Հեթանոսներին պատմե՛ք նրա փառքը Եվ բոլոր ժողովուրդներին՝ նրա սքանչելիքները։ 4 Մեծ է Տերը և հույժ օրհնյալ, Ահարկու է նա բոլոր կուռքերի վրա։ 5 Հեթանոսների բոլոր կուռքերը դևեր են, Եվ Տերը ստեղծեց երկինքը։ 6 Խոստովանությունն ու վայելչությունը նրա առջև են, Սրբությունն ու մեծ վայելչությունը՝ նրա սրբարանում։ 7 Մատուցե՛ք Տիրոջը, ազգատոհմե՛ր, Մատուցե՛ք Տիրոջը փառք ու պատիվ։ 8 Մատուցե՛ք Տիրոջը փառքն իր անվան։ Առե՛ք ընծաներ և նրա սրահնե՛րը մտեք, 9 Երկրպագե՛ք Տիրոջը նրա սրբության գավիթներում. Ամբողջ երկիրը պիտի խռովի նրա երեսից։ 10 Հեթանոսների մեջ ասացե՛ք. «Տերը թագավորեց, Հաստատեց աշխարհը, որ չսասանվի, Եվ իր ժողովրդին կդատի ուղղությամբ»։ 11 Թող երկինքն ուրախանա, և երկիրը ցնծա, Թող զվարճանա ծովն իր լիությամբ։ 12 Թող ցնծան դաշտերը և ամեն ինչ, որ կա նրանցում։ Այնժամ թող ցնծան անտառի բոլոր ծառերը 13 Տիրոջ առջև, որ գալիս է. Գալիս է դատելու երկիրը։ Տիեզերքն արդարությամբ պիտի դատի Եվ բոլոր ժողովուրդներին՝ Իր ճշմարտությամբ։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia