ՍԱՂՄՈՍՆԵՐ 90 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Գովաբանական օրհներգ Դավթի 1 Գովաբանական օրհներգ Դավթի Ով ապրում է Բարձրյալի օգնությամբ, Երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ։ 2 Տիրոջը կասի. «Ինձ ընդունողն ես, Իմ ապավե՛ն Աստված, և ես նրան կհուսամ»։ 3 Նա ինձ կփրկի որսացողի որոգայթից Եվ խռովեցուցիչ խոսքերից։ 4 Քեզ կընդունի իր ուսերի տակ, Եվ կապաստանես նրա թևերի հովանու տակ։ Նրա ճշմարտությունը որպես զենք կպատի քո շուրջը։ 5 Դու չես վախենա գիշերվա երկյուղից Եվ ոչ էլ ցերեկվա թռչող նետից, 6 Խավարում շրջող իրից Եվ դևի կեսօրվա գայթակղությունից։ 7 Քո կողքին հազարներ կընկնեն, Եվ բյուրավորներ՝ քո աջում, Սակայն քեզ ոչինչ չի մերձենա։ 8 Բայց դու միայն քո աչքերով կնայես Եվ մեղավորների հատուցումը կտեսնես, 9 Որովհետև, Տե՛ր, դու իմ հույսն ես։ Բարձրյալին քեզ ապավեն դարձրիր, 10 Չարիքները քեզ չեն հասնի, Եվ տանջանքները չեն մերձենա քո հարկերին։ 11 Նրա հրեշտակներին պատվիրված է քո մասին, Որ քեզ պահպանեն քո բոլոր ճանապարհներին։ 12 Իրենց բազուկների վրա պիտի վերցնեն քեզ, Որ երբեք ոտքդ քարին չխփես։ 13 Դու կքայլես իժերի և քարբերի վրայով, Ոտքով կկոխես առյուծին ու վիշապին։ 14 Քանզի ինձ հուսաց, և ես կփրկեմ նրան, Հովանի կդառնամ նրան, որովհետև անունս ճանաչեց։ 15 Ինձ կաղոթի, և ես կլսեմ նրան Ու նրա հետ կլինեմ նեղության պահին. Կփրկեմ և կփառավորեմ նրան, 16 Բազում օրերով կլիացնեմ նրան Եվ ցույց կտամ նրան իմ փրկությունը։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia