ՍԱՂՄՈՍՆԵՐ 6 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչԱպաշխարության աղոթք 1 Դպրապետին՝ քնարով, ութ տոն ցածր՝ թավ եղանակով։ Սաղմոս Դավթի 2 Տե՛ր, երբ սրտմտես, ինձ մի՛ հանդիմանիր, Եվ երբ բարկանաս, ինձ մի՛ պատժիր։ 3 Ողորմի՛ր ինձ, Տե՜ր, որովհետև հիվանդ եմ ես, Բժշկի՛ր ինձ, որովհետև ցնցվեցին ոսկորներս, 4 Իմ հոգին խռովվեց հույժ, իսկ դու, Տե՛ր, մինչև ե՞րբ... 5 Դարձի՛ր, Տե՜ր, և փրկի՛ր ինձ, Ապրեցրո՛ւ ինձ, Տե՜ր, քո ողորմությամբ, 6 Որովհետև մահվան մեջ կամ մեռյալների աշխարհում չկա մեկը, Որ հիշի ու խոստովանի քեզ։ 7 Ես հոգնեցի իմ հեծության մեջ, Ամեն գիշեր լվացի մահիճս, Իմ արցունքներով թրջեցի անկողինս։ 8 Սրտմտությունից աչքս խռովվեց, Եվ ես մաշվեցի Իմ բոլոր թշնամիների պատճառով։ 9 Հեռացե՛ք ինձանից բոլորդ, Որ անօրենություն եք գործում, 10 Որովհետև Տերը լսեց հեկեկանքս, Լսեց աղաչանքս և աղոթքս ընդունեց։ 11 Թող ամաչեն ու սարսափի մատնվեն Իմ բոլոր թշնամիները, Թող պարտված նահանջեն և ամոթով մնան շուտով։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia