Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 45 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Դպրապետին՝ Կորխի որդիների գաղտնիքների մասին

2 Աստված մեր ապավենն է և զորությունը Եվ օգնականը խիստ նեղությունների մեջ։

3 Դրա համար չենք վախենա, երբ երկիրը խռովվի, Եվ լեռները դեպի ծովի խորքը փոխվեն։

4 Շաչեցին և խռովվեցին ծովերի ջրերը, Եվ նրա զորությունից լեռները սասանվեցին։ Հանգիստ

5 Գետերի հոսանքներն ուրախացնում են Աստծու քաղաքը, Եվ Բարձրյալը սրբացրեց իր բնակության վայրը։

6 Աստված նրանց մեջ է, և նրանք չեն սասանվի, Նրանց կօգնի Աստված վաղորդայնից վաղորդայն։

7 Խռովվեցին հեթանոսները, և թագավորությունները խոնարհվեցին. Բարձրյալը ձայնեց, և երկիրը դողաց։

8 Մեզ հետ է Զորությունների Տերը. Հակոբի Աստվածը մեր ապավենն է։

9 Եկե՛ք և տեսե՛ք Աստծու գործերը, Որ հրաշքներ և նշաններ գործեց երկրի վրա.

10 Պատերազմ մղեց երկրի մի ծայրից մինչև մյուսը, Փշրեց աղեղները, խորտակեց զենքերը Եվ հրով այրեց վահանները։

11 Փութացե՛ք և իմացե՛ք, որ ես եմ Աստված. Պիտի բարձրանամ հեթանոսների մեջ Եվ երկրի երեսին։

12 Մեզ հետ է Զորությունների Տերը. Հակոբի Աստվածը մեր ապավենն է։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ