ՍԱՂՄՈՍՆԵՐ 4 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչԵրեկոյան աղոթք 1 Դպրապետին՝ քնարով։ Սաղմոս Դավթի 2 Երբ քեզ դիմեցի, դու ինձ լսեցիր Ըստ արդարության, ո՜վ իմ Աստված. Նեղությանս մեջ ինձ խաղաղեցրիր, Ողորմի՛ր ինձ, լսի՛ր իմ աղոթքը։ 3 Մարդկա՛նց որդիներ, Մինչև ե՞րբ պիտի խստասիրտ մնաք, Ինչո՞ւ եք սիրում նանրությունը Եվ սուտը փնտրում։ 4 Իմացե՛ք, որ Տերը հրաշքներ գործեց Իր սրբի համար, Եվ երբ Տիրոջը դիմեմ, նա ինձ կլսի։ 5 Բարկանալիս մի՛ մեղանչեք, Ինչ որ ձեր սրտերում խորհեք, Զղջացե՛ք ձեր անկողիններում։ 6 Արդարության զոհե՛ր մատուցեք Եվ ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք։ 7 Շա՜տ են ասողները, Թե ո՛վ մեզ բարություն պիտի ցույց տա։ Քո դեմքի լույսը մեզ վրա բացվեց, 8 Եվ ուրախություն տվեցիր մեր սրտերին։ Նրանց հագեցրիր ցորենի, գինու և ձիթենու արդյունքով։ 9 Խաղաղությամբ ու վստահությամբ Պիտի ննջենք և արթնանանք. 10 Ո՜վ Տեր, միայն դու ես Ապահովության մեջ պահում մեզ։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia