ՍԱՂՄՈՍՆԵՐ 33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Սաղմոս Դավթի, երբ նա կերպարանափոխեց իր դեմքն Աբիմելեքի առջև, որն էլ հետո Դավթին բաց թողեց, որ գնա 2 Ամեն ժամ պիտի Տիրոջն օրհնաբանեմ, Ամեն ժամ նրա օրհնությունը բերանիս մեջ թող լինի։ 3 Անձս Տիրոջով պիտի պարծենա. Թող լսեն հեզերը և ուրախանան։ 4 Մեծարե՛ք Տիրոջն ինձ հետ, Միասին պանծացնենք նրա անունը։ 5 Խնդրեցի Տիրոջը, և լսեց ինձ. Իմ բոլոր նեղություններից փրկեց ինձ։ 6 Մոտեցե՛ք Տիրոջը և առե՛ք լույսը, Եվ ձեր երեսը թող չամաչի։ 7 Այս աղքատը Տիրոջն աղոթեց, և Տերը լսեց նրան, Նրա բոլոր նեղություններից փրկեց նրան։ 8 Տիրոջ հրեշտակների բանակն Իրենից երկյուղածների շուրջն է Եվ պահում է նրանց։ 9 Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ քաղցր է Տերը։ Երանելի է այն մարդը, որ նրան է հուսացել։ 10 Երկյուղե՛ք Տիրոջից, նրա բոլո՛ր սրբեր, Քանզի ոչինչ չի պակասի նրանից երկյուղածներից։ 11 Մեծամեծերն աղքատացան և քաղցեցին, Բայց ովքեր Տիրոջն են փնտրում, Նրանցից չի պակասի ոչ մի բարիք։ 12 Եկե՛ք, իմ որդինե՛ր, և լսե՛ք ինձ. Տիրոջ երկյուղը ձեզ կուսուցանեմ։ 13 Այն մարդը, որ ցանկանում է կյանքը, Սիրում է տեսնել իր օրերը բարության մեջ. 14 Լռեցրո՛ւ լեզուդ չարությունից, Շրթունքներդ թող նենգություն չխոսեն։ 15 Չարից զգուշացի՛ր և բարի՛ք գործիր, Խնդրի՛ր խաղաղություն և հետևի՛ր նրան։ 16 Տիրոջ աչքն արդարների վրա է, Նրա ականջները՝ նրանց աղոթքներին։ 17 Տերը հատուցում է չարագործներին՝ Նրանց հիշատակը երկրի երեսից ջնջելու։ 18 Տիրոջն աղոթեցին արդարները, և Տերը լսեց նրանց. Իրենց բոլոր նեղություններից փրկեց նրանց։ 19 Տերը մոտ է նրանց, ովքեր սրտամաշ են, Եվ հոգով խոնարհներին փրկում է։ 20 Բազում են արդարների նեղությունները, Բայց ամեն ինչից Տերը փրկում է նրանց 21 Եվ պահպանում է նրանց բոլոր ոսկորները, Որպեսզի ոչ մեկը չփշրվի։ 22 Մեղավորին չարությունը կսպանի, Արդարին ատողը կպատժվի։ 23 Տերը փրկում է իր ծառաների հոգիները, Եվ բոլոր նրան հուսացողները չեն զղջա։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia