ՍԱՂՄՈՍՆԵՐ 3 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչԱռավոտյան աղոթք 1 Սաղմոս Դավթի, երբ նա փախել էր իր որդու՝ Աբիսողոմի երեսից 2 Տե՜ր, որքա՜ն շատացան ինձ նեղողները, Եվ շատերն իմ դեմ ելան։ 3 Շատերն իմ մասին ասում էին. «Սրա համար իր Աստծով չկա՛ փրկություն»։ 4 Բայց դու, ո՜վ Տեր, իմ օգնականն ես, Իմ փառքն ես և գլուխս բարձր պահողը։ 5 Ես ամբողջ ձայնով Տիրոջն աղոթեցի, Եվ նա լսեց ինձ իր սուրբ լեռից։ 6 Պառկեմ քնեմ, թե արթնանամ, Տերն իմ պահապանն է։ 7 Ես չեմ վախենա նրանց բյուրավոր զորքերից, Որոնք, շուրջս բոլորած, պաշարել են ինձ։ 8 Վե՛ր կաց, Տե՜ր, և փրկի՛ր ինձ, ո՜վ իմ Աստված, Որովհետև դու հարվածեցիր բոլորին, Ովքեր թշնամի էին ինձ առանց պատճառի, Եվ մեղավորների ատամները կփշրես։ 9 Տիրոջից է փրկությունը. Քո օրհնությունը թող քո ժողովրդի վրա լինի։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia