ՍԱՂՄՈՍՆԵՐ 27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Սաղմոս Դավթի 1 Սաղմոս Դավթի Քեզ աղոթեցի, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Անարձագանք մի՛ թող ինձ։ Եթե երբևէ լուռ մնաս, Կնմանվեմ նրանց, ովքեր փոսն են իջնում։ 2 Լսի՜ր, Տե՜ր, խնդրանքներիս ձայնը, երբ աղաչեմ քեզ, Երբ ձեռքերս քո սուրբ տաճարում բարձրացնեմ։ 3 Անձն իմ ամբարիշտների հետ մի՛ դասիր, Ինձ մի՛ կործանիր անօրենություն գործողների հետ, Որոնք իրենց ընկերների հետ խաղաղության մասին են խոսում, Բայց սրտներում չարություն է։ 4 Վարձատրի՛ր նրանց, Տե՜ր, ըստ իրենց գործերի, Ըստ իրենց անօրեն ընթացքի հատուցի՛ր նրանց, Հատուցի՛ր նրանց ըստ իրենց ձեռքերի գործերի. Նրանց տո՛ւր իրենց հատուցումը։ 5 Նրանք չճանաչեցին Տիրոջ գործերը, Ոչ էլ նրա ձեռքի գործերին նայեցին։ Դու նրանց կկործանես, և այլևս ոտքի չեն կանգնի։ 6 Օրհնյա՜լ է Տերը, քանզի լսեց աղոթքիս ձայնը։ 7 Տերն է իմ օգնականն ու պաշտպանը. Նրան հուսաց իմ սիրտը, Մարմինս օգտվեց ու զվարճացավ, Եվ ես բոլորանվեր փառք պիտի տամ նրան։ 8 Տերն է իր ժողովրդի զորությունը, Իր օծյալի փրկության ապավենը։ 9 Փրկի՛ր քո ժողովրդին և օրհնի՛ր քո ժառանգությունը, Հովվի՛ր և բարձրացրո՛ւ նրանց հավիտյան։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia