ՍԱՂՄՈՍՆԵՐ 145 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի 1 Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի Օրհնի՛ր Տիրոջը, հոգի՛ս. 2 Պիտի օրհնեմ Տիրոջն իմ կյանքում, Սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն, քանի կամ։ 3 Հույս մի՛ դրեք իշխանների՝ մարդկանց որդիների վրա, Որովհետև նրանք չեն կարող փրկել։ 4 Նրանց հոգին դուրս պիտի գա, և նրանք կրկին հող պիտի դառնան, Եվ այդ օրը նրանց բոլոր խորհուրդները կանհետանան։ 5 Երանի՜ նրան, ում օգնականը Հակոբի Աստվածն է, Եվ նրա հույսը Տիրոջ՝ Աստծու վրա է, 6 Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, Ծովը և նրա մեջ եղած ամեն ինչը։ Նա, ով պահպանում է ճշմարտությունը հավիտյան 7 Եվ տեսնում է զրկվածների արդար դատը։ Տերը հաց է տալիս քաղցածներին Եվ կապյալներին արձակում։ 8 Տերը բացում է կույրերի աչքերը, Իմաստություն է տալիս նրանց, Ոտքի է կանգնեցնում գլորվածներին։ Տերը սիրում է արդարներին, 9 Տերը պահպանում է պանդուխտներին, Տերն ընդունում է որբերին ու այրիներին Եվ կործանում ամբարիշտների ճանապարհները։ 10 Տերը պիտի թագավորի հավիտյան, Քո Աստվածը, ո՛վ Սիոն, սերնդեսերունդ։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia