ՍԱՂՄՈՍՆԵՐ 137 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Սաղմոս Դավթի 1 Սաղմոս Դավթի Տե՜ր, քեզ պիտի խոստովանեմ իմ ողջ սրտով, Սաղմոս պիտի երգեմ քեզ հրեշտակների առջև, Որովհետև լսեցիր բերանիս խոսքերը։ 2 Պիտի երկրպագեմ քո սուրբ տաճարում Եվ խոստովանեմ անունդ Քո ողորմության և ճշմարտության համար. Ամեն ինչում մեծարեցիր քո սուրբ անունը։ 3 Որ օրը քեզ աղոթեմ, լսի՛ր ինձ շուտով Եվ բազմացրո՛ւ հոգուս զորությունները։ 4 Աշխարհի բոլոր թագավորները Քեզ պիտի խոստովանեն, Որովհետև լսեցին քո բերանի խոսքերը 5 Եվ պիտի օրհնեն քո ճամփաները։ Քանզի մեծ է փառքը Տիրոջ, 6 Քանզի բարձր է Տերը, Տեսնում է խոնարհներին, Հպարտներին՝ հեռվից ճանաչում։ 7 Եթե ընթանամ նեղությունների միջով, Կփրկես ինձ թշնամու բարկությունից. Ձեռքդ կպարզես, և քո աջը կփրկի ինձ, 8 Եվ իմ փոխարեն Տերը կհատուցի։ Քո ողորմությունը հավերժ է, Տե՜ր, Մի՛ անտեսիր ձեռքիդ գործերը։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia