ՍԱՂՄՈՍՆԵՐ 135 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Ալելուիա 1 Ալելուիա Խոստովանե՛ք Տիրոջը, Որովհետև բարի և հավերժ է նրա ողորմությունը։ 2 Խոստովանե՛ք աստվածների Աստծուն, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ 3 Խոստովանե՛ք տերերի Տիրոջը, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ 4 Միայնակ մեծամեծ սքանչելիքներ գործեց, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ 5 Իր իմաստությամբ ստեղծեց երկինքը, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ 6 Հաստատեց երկիրը ջրերի վրա, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ 7 Միայնակ ստեղծեց մեծ լուսատուները, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ 8 Արեգակին ստեղծեց՝ իբրև ցերեկվա իշխան, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ 9 Լուսինն ու աստղերը՝ իբրև գիշերվա իշխաններ, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ 10 Հարվածեց եգիպտացիների երկիրը՝ իր առաջնեկներով հանդերձ, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ 11 Եվ Իսրայելին նրա միջից հանեց, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ 12 Ձեռքով բարձր և բազուկով հզոր, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը, 13 Ճեղքեց մեծ ծովը և բաժանեց երկու մասի, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ 14 Եվ Իսրայելին անցկացրեց նրա միջով, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ 15 Փարավոնին իր զորքով ընկղմեց Կարմիր ծովում, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ 16 Եվ հանեց իր ժողովրդին դեպի անապատ, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ Ժայռի միջից ջուր բխեցրեց, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ 17 Հարվածեց մեծամեծ ազգերի, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ 18 Եվ սպանեց հզոր թագավորներին, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը. 19 Ամորհացիների Սեհովն թագավորին, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը, 20 Բասանի Օվգ թագավորին, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ 21 Երկիրը նրանց տվեց իբրև ժառանգություն, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը, 22 Ժառանգություն Իսրայելին՝ իր ծառային, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ 23 Տերը հիշեց մեզ մեր թշվառության մեջ, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ 24 Եվ փրկեց մեզ մեր թշնամիների ձեռքերից, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ 25 Նա կերակուր է տալիս բոլոր ապրողներին, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ 26 Խոստովանե՛ք երկնավոր Աստծուն, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ Խոստովանե՛ք տերերի Տիրոջը, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia