Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՈՎՍԵԵ 13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Իսրայելի վերջնական վճիռը

1 Ըստ Եփրեմի խոսքերի, նա Իսրայելի Աստծու օրենքներն առավ, դրանք դրեց Բահաղի մեջ ու մեռավ։

2 Արդ, դարձյալ աճեցին մեղանչելու մեջ և իրենց համար կուռքերի պատկերի նմանությամբ ձուլածոներ ստեղծեցին իրենց արծաթից՝ նրանց ճարտարների գործ նվիրելով։ Նրանք ասում են. «Զոհաբերե՛ք մարդկանց, քանի որ հորթերը պակասեցին»։

3 Դրա համար կլինեն առավոտյան ամպի պես և վաղորդյան ցողի պես, որ անցնում է, կալից քշված փոշու պես, և ծխնելույզներից ելնող ծխի պես։

4 «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հաստատեցի երկինքը և ստեղծեցի երկիրը, որի ձեռքերն արարեցին երկնքի բոլոր զորությունները, բայց ցույց չտվեցի քեզ՝ նրանց հետևից գնալու համար. ես հանեցի քեզ եգիպտացիների երկրից. ոչ մի աստծու, ինձնից բացի, չճանաչես, և ինձնից բացի, փրկիչ չկա։

5 Ես էի քեզ հովվում անապատում՝ անշեն երկրում։

6 Ըստ իրենց արոտավայրերի հագեցան ու լիացան, հպարտացան իրենց սրտերով, դրա համար մոռացան ինձ։

7 Ես նրանց համար կլինեմ հովազի պես և ընձառյուծի պես՝ ասորեստանցիների ճանապարհին։

8 Կհանդիպեմ նրանց քաղցած արջի պես և կպատառոտեմ նրանց սրտերի առագաստը. անտառի կորյունները կուտեն նրանց, և վայրի գազանները կհոշոտեն նրանց։

9 Քո կործանման ժամանակ, Իսրայե՛լ, ո՞վ պիտի օգնի քեզ։

10 Ո՞ւր է քո թագավորը. նա՛ կփրկի քեզ, քո բոլոր քաղաքներում կդատի քեզ, որի մասին ասացիր. «Տո՛ւր ինձ թագավոր և իշխան»։

11 Քեզ թագավոր տվեցի իմ բարկությամբ և ընդհատեցի իմ ցասումով։

12 Եփրեմն անիրավությունների կապոց է, և նրա մեղքերը ծածկված են։

13 Ծննդկանի երկունքի պես ցավեր կհասնեն նրան. դա է քո իմաստուն որդին. դրա համար այժմ չի կարողանա դիմանալ որդիների կործանմանը։

14 Դժոխքի ձեռքից կազատեմ նրանց և մահից կփրկեմ նրանց։ Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, դժո՛խք, քո խայթոցը։ Մխիթարությունը ծածկված է իմ աչքերից.

15 քանի որ նա եղբայրների մեջ կզատորոշի, Տերը նրա վրա անապատից խորշակի հողմ կբերի, կցամաքեցնի նրա առվակները և կավերի նրա աղբյուրները։ Դա կչորացնի նրա երկիրը և նրա ցանկալի բոլոր անոթները»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ