ՈՎՍԵԵ 11 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչԱստծու սերն ապստամբ ժողովրդի հանդեպ 1 «Ընկան առավոտյան, ընկավ Իսրայելի թագավորը։ Քանի որ Իսրայելը մանուկ էր, ես սիրեցի նրան և Եգիպտոսից կանչեցի նրա որդիներին։ 2 Ինչպես կանչեցի նրանց, այնպես մերժվեցին իմ երեսից։ Նրանք Բահաղիմին էին զոհ մատուցում և խնկարկում էին կուռքերի արձաններին։ 3 Ես խափանեցի Եփրեմին և վերցրի նրան իմ բազուկների վրա, և չիմացան, որ բժշկում եմ նրանց 4 մարդկանց ապականությունից։ Քաշեցի նրանց իմ սիրո կապանքներով. նրանց համար կլինեմ մեկի պես, որ կապտակի նրա ծնոտին. կնայեմ նրան ու կհաղթեմ նրան։ 5 Եփրեմը բնակվեց Եգիպտոսում, իսկ ասորեստանցին՝ նրան թագավոր, քանի որ չկամեցան վերադառնալ։ 6 Սրով տկարացավ նրա քաղաքներում և դադար առավ նրա ձեռքերում. կուտեն նրանց խորհուրդները։ 7 Նրա ժողովուրդը կախված կմնա իր բնակավայրից, և Աստված նրա իշխանավորների վրա կբարկանա և չի բարձրացնի նրանց։ 8 Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, բայց կպաշտպանեմ քեզ, Իսրայե՛լ, ի՞նչ անեմ քեզ. քեզ կհամարեմ ինչպես Ադամա և ինչպես Սեբոյիմ։ Սիրտս շրջվեց, գութս շարժվեց։ 9 Ըստ իմ սաստիկ բարկության չեմ վարվի ու չեմ թողնի Եփրեմին ջնջեն, քանի որ ես Աստված եմ և ոչ մարդ, Սուրբ՝ ձեր մեջ, և քաղաք չեմ մտնի։ 10 Այլ կգնամ Տիրոջ հետևից. առյուծի պես կմռնչա. քանի որ նա կմռնչա և կհիմարացնի արևմուտքի՝ ծովի որդիներին։ 11 Կթռչեն կգան Եգիպտոսից թռչունի պես, և աղավնիների պես՝ ասորեստանցիների երկրից, և կպատսպարեմ նրանց իրենց տներում»,- ասում է Տերը։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia