ՈՎՍԵԵ 1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Տիրոջ խոսքը, որ եղավ Երիի որդի Ովսեեին Հուդայի թագավորներ Ոզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին և Իսրայելի թագավոր Հերոբովամի՝ Հովասի որդու ժամանակ։ Ովսեեի կինն ու զավակները 2 Տիրոջ խոսքերի սկիզբը՝ Ովսեեին։ Տերն ասաց Ովսեեին. «Գնա՛, դու քեզ համար պոռնկացող կին և պոռնկության որդինե՛ր առ, որովհետև երկիրը պոռնկանալով հեռանալու է Տիրոջից»։ 3 Եվ գնաց առավ Գոմերին՝ Դաբելայիմի դստերը. և հղիացավ ու նրան որդի ծնեց։ 4 Եվ Տերն ասաց նրան. «Նրա անունը դի՛ր Հեզրայել, որովհետև մի փոքր ևս, կպահանջեմ Հեզրայելի արյունը Հեուի տնից և կդադարեցնեմ Իսրայելի տան թագավորությունը։ 5 Այն օրը կփշրեմ Իսրայելի աղեղը Հեզրայելի հովտում»։ 6 Կրկին հղիացավ և դուստր ծնեց։ Եվ Տերն ասաց նրան. «Նրա անունը դի՛ր “Ողորմություն չգտած” [𝕸 Լո-Ռուխամա], որովհետև այլևս չեմ ողորմի Իսրայելի տանը, այլ կընդդիմանամ նրանց հակառակությամբ։ 7 Հուդայի որդիներին, սակայն, կողորմեմ և նրանց կփրկեմ Տիրոջ՝ իրենց Աստծու ձեռքով, բայց չեմ փրկի նրանց ո՛չ աղեղի, ո՛չ սրի և ո՛չ պատերազմի, ո՛չ կառքերի և ո՛չ ձիերի, ո՛չ էլ հեծյալների միջոցով»։ 8 Ողորմություն չգտածին կտրեց կրծքից։ Դարձյալ հղիացավ ու որդի ծնեց։ 9 Եվ ասաց. «Նրա անունը դի՛ր “Ոչ իմ ժողովուրդ” [𝕸 Լո-Ամմի], քանի որ դուք իմ ժողովուրդը չեք, ես էլ ձեր ոչ մի բանը չեմ»։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia