ՆԱՈՒՄ 2 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչՊատգամ Նինվեին 1 Ահա արագընթաց են լեռների վրա ոտքերն ավետարանչի, որ խաղաղություն է հայտարարում։ Տոնի՛ր քո տոները, Հուդա՛, կատարի՛ր քո ուխտերը, որպեսզի այլևս չշարունակեն անցնել՝ հնանալու։ Վախճանվեց. մաշվեց ու վերացավ։ 2 Քանի որ ելավ նա, ով փչում է քո երեսին և փրկում նեղությունից. հսկի՛ր ճանապարհը, պնդացրո՛ւ մեջքդ, զորացի՛ր մեծ ուժով. 3 քանի որ Տերը շրջեց Հակոբի հպարտությունն Իսրայելի հպարտության նման, որովհետև ամբողջությամբ մերժեցին նրանց և ոչնչացրին նրա ճյուղերը, 4 նրա զորքի զենքը մարդկանց միջից, հզոր մարդկանց, որ կրակի հետ խաղացին. նրանց կառքերի սանձերը, հեծյալները կշփոթվեն 5 ճանապարհներին և կմոլորվեն հրապարակներում։ Նրանց տեսքը կրակե լամպերի նման է, և փայլակի պես այս ու այն կողմ են ընթանում։ 6 Կհիշեն նրա մեծամեծները և կփախչեն ցերեկը, կտկարանան իրենց ճանապարհներին, կշտապեն դեպի պարիսպները և կպատրաստեն իրենց առաջապահներին։ 7 Քաղաքների [𝕸 գետերի] դռները բացվեցին, արքունիքները կործանվեցին, 8 և ունեցվածքները բացահայտվեցին։ Ինքը ելնում էր, և իր նաժիշտներն առջևից էին գալիս. աղավնիների պես մնչում էին իրենց սրտերում։ 9 Նինվեի ջրերը նման էին ավազանի ջրերի. նրանք փախան քեզնից և դադար չառան, ու չկար մեկը, որ հետ նայեր։ 10 Հափշտակում էին արծաթը, հափշտակում էին ոսկին, և նրա զարդեղենին չափ չկար։ Ծանրացան ավելի, քան նրա բոլոր ցանկալի սպասքները։ 11 Ցնցում և նկրտում, սրտի սոսկում և ծնկների թուլացում, և ցավ՝ ամեն մեջքի վրա. և բոլորի երեսները մրոտված պտուկի էին նման։ Նինվեն նման է պարտված առյուծի 12 Ո՞ւր են առյուծների որջերն ու նրանց կորյունների որսերը, ուր առյուծը գնաց մտնելու, առյուծի կորյունը, և չկար մեկը, որ զարհուրեցներ։ 13 Առյուծը բավականին որսաց իր կորյունների համար և կենդանի խեղդեց իր կորյունների համար, իր որջը լցրեց որսով և իր բնակավայրը՝ հափշտակությամբ։ 14 «Ահա ես դեմ եմ քեզ,- ասում է Ամենակալ Տերը,- ծխով կայրեմ քո բազմությունը, և սուրը կուտի քո առյուծներին, երկրից կվերացնեմ քո որսը, և այլևս չեն լսվի քո գործերը»։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia