Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՄԻՔԻԱ 7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Մարգարեի ողբը

1 Վա՜յ ինձ, որովհետև եղա ինչպես հասկաքաղը հունձքի ժամանակ և ճռաքաղը՝ այգեկութի ժամանակ, և չկար ողկույզ առաջին բերքից, որից ուտում էի։ Վա՜յ իմ անձին,

2 որովհետև երկյուղածն անհետացավ երկրից, և չկա արդար մարդկանց մեջ. բոլորն արյամբ են դատում, յուրաքանչյուրը սաստիկ նեղում է իր ընկերոջը։

3 Իրենց ձեռքերը պատրաստ են չարության։ Իշխանը պահանջում է, և դատավորը խաղաղության խոսքեր է ասում ըստ իր անձի ցանկության։

4 Կհանեմ նրանց բարիքները, ինչպես ցեցը, որ ուտում է և շրջվում օրենքի դեմ այցելության օրը։ Վա՜յ, վա՜յ, եկավ հասավ քո վրեժխնդրությունը. արդ, նրանց համար լացողներ կլինեն։

5 Մի՛ հավատացեք սիրելիներին և մի՛ ապավինեք իշխաններին, և զգո՛ւյշ եղիր քո կողակցից՝ նրան ինչ-որ բան պատմելու.

6 որովհետև որդին անարգում է հորը, և դուստրը կելնի իր մոր դեմ, հարսը՝ իր սկեսրոջ դեմ, և մարդու թշնամին իր ընտանիքը կլինի։

7 Սակայն ես Տիրոջ վրա աչքս կհառեմ, կսպասեմ իմ փրկիչ Աստծուն, և Տերը՝ իմ Աստվածը, կլսի ինձ։


Ժողովրդի հույսն ու աղոթքը

8 Մի՛ չարախնդա ինձ վրա, ո՛վ իմ թշնամի. եթե գլորվեցի, դարձյալ կկանգնեմ, եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։

9 Տիրոջ բարկությանը կհամբերեմ, որովհետև մեղանչեցի նրա դեմ, մինչև արդարացնի իմ դատաստանը և ինձ արդարությամբ դատի, ինձ հանի դեպի լույսը, և տեսնեմ նրա արդարությունը։

10 Եվ ինձ կտեսնի իմ թշնամին, և ամոթը կպատի նրան, որ ասում էր ինձ. «Ո՞ւր է Տերը՝ քո Աստվածը»։ Իմ աչքերը կտեսնեն նրան։ Արդ, ոտքի կոխան կլինի, ինչպես ցեխը՝ ճանապարհի վրա։

11 Աղյուսի ծեփի օրը. այդ օրը կլինի քո կործանումը, և կմերժի քո օրենքները։

12 Այդ օրը քո քաղաքները կենթարկվեն ասորեստանցիների պաշարման և ավարին, իսկ քո ամուր քաղաքները՝ բաժանման, Ծուրից մինչև գետը, ծովից մինչև ծով և լեռից մինչև լեռ։

13 Եվ երկիրը կկործանվի իր բնակիչներով հանդերձ՝ նրանց գործերի պտղի պատճառով։

14 Քո ցեղերի գավազանով արածեցրո՛ւ քո ժողովրդին և քո ժառանգության հոտերը, որ առանձին բնակվում են անտառում՝ Կարմելոսում. թող արածեն Բասանում և Գաղաադում, ինչպես հին օրերին։

15 Եվ եգիպտացիների երկրից քո ելքի օրերի նման հրաշքներ ցույց կտամ նրանց։

16 Հեթանոսները կտեսնեն ու կամաչեն իրենց ամբողջ զորությունից. ձեռքները կդնեն իրենց բերաններին, և նրանց ականջները կխլանան։

17 Կլիզեն հողը, ինչպես օձերը, որ սողում են երկրի վրա, կխռովվեն իրենց պաշարման մեջ և կզարհուրեն Տիրոջից՝ մեր Աստծուց, և կվախենան քեզնից։

18 Կա՞ այլ Աստված քեզ նման, որ ջնջում է անօրենությունները, անտեսում է իր ժառանգության երկրի մնացորդների անիրավությունները և չի պահում իր բարկությունը՝ որպես վկայություն, քանի որ ողորմություն կամեցող է։

19 Կդառնա ու կգթա մեզ, կընկղմի մեր մեղքերը և ծովի խորքերը կնետի մեր բոլոր անօրենությունները։

20 Ճշմարտություն կտա Հակոբին, ողորմություն՝ Աբրահամին, ինչպես երդվեց մեր հայրերին հին օրերում։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ