Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՄԻՔԻԱ 3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Միքիայի ազդարարությունն Իսրայելի իշխաններին

1 Եվ կասի. «Լսե՛ք, Հակոբի՛ տան իշխաններ և Իսրայելի՛ տան մնացորդներ։ Դուք չէ՞, որ պիտի իմանաք արդարադատությունը,

2 դուք, որ ատում եք բարին և չարիք եք փնտրում, հեռացնում եք նրանցից իրենց մաշկը և նրանց միսը՝ իրենց ոսկորներից»։

3 Ինչպես որ կերան իմ ժողովրդի միսը և նրանց մաշկը քերթեցին նրանց վրայից, նրանց ոսկորները փշրեցին և կտրատեցին նրանց մարմինները՝ իբրև թե կաթսաների, և նրանց միսը՝ իբրև թե պուտուկների մեջ եփելու համար,

4 այնպես էլ կաղաղակեն Տիրոջը, բայց չի լսի նրանց և իր երեսը կդարձնի նրանցից այն ժամանակ, քանի որ նրանց չարչարեցին իրենց գործերով։


Ընդդեմ այն մարգարեների, որոնք մոլորեցնում են Իսրայելին

5 Այսպես է ասում Տերն այն մարգարեների համար, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին, որոնք կծոտում են իրենց ատամներով և խաղաղություն են քարոզում նրան, սակայն ոչինչ չդրվեց նրանց բերանը, և պատերազմ հարուցեցին նրանց դեմ։

6 Դրա համար տեսիլքի փոխարեն գիշեր կլինի ձեզ համար, և խավար կլինի ձեզ համար գուշակության փոխարեն. արեգակը մայր կմտնի մարգարեների վրա, և ցերեկը կխավարի նրանց վրա։

7 Երազատեսները կամաչեն, գուշակները կծաղրվեն, և բոլորը կբամբասեն նրանց, որովհետև չի լինի մեկը, որ լսի նրանց։

8 Բայց ես զորությամբ լցվեցի Տիրոջ Հոգով, արդարադատությամբ և կարողությամբ՝ Հակոբին հայտնելու իր ամբարշտությունները և Իսրայելին՝ իր մեղքերը։


Միքիան կանխատեսում է Իսրայելի կործանումը

9 Լսե՛ք սա, Հակոբի՛ տան առաջնորդներ և Իսրայելի՛ տան մնացորդներ, որ անարգում եք արդարադատությունը և շեղում եք բոլոր արդարներին,

10 որ Սիոնն արյամբ եք կառուցում և Երուսաղեմը՝ անիրավությամբ։

11 Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարեներն արծաթով էին հայտնում գուշակությունները և Տիրոջն էին ապավինում և ասում. «Մի՞թե Տերը մեզ հետ չէ. մեզ վրա չարիք չի գա»։

12 Դրա համար Սիոնը ձեր պատճառով կհերկվի արորով, Երուսաղեմը կլինի մրգապահների հյուղակի պես, իսկ տաճարի լեռը՝ մայրիների անտառի նման։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ