ՄԻՔԻԱ 2 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչԸնդդեմ չարաշահողների 1 Նեղություններ խորհեցին. չարիք են գործում իրենց անկողիններում և այգաբացին լույսով նույնն ի կատար են ածում, քանի որ չբարձրացրին իրենց ձեռքերն առ Աստված։ 2 Տենչում էին հանդերի, հափշտակում էին որբերին և բռնագրավում տները, հափշտակում էին մարդուն և նրա տունը, մարդուն և նրա ժառանգությունը։ 3 Դրա համար այսպես է ասում Տերը. «Ահա ես այդ ազգի դեմ փորձանքներ եմ խորհում, որոնց միջից վեր չեք հանելու ձեր պարանոցները, ո՛չ էլ իսկույն ուղիղ եք գնալու, քանի որ ժամանակը չար է»։ 4 Այն օրը ձեր դեմ առակ կհորինեմ. ողբեր կհնչեցնեն ողբաձայն և կասեն. «Բոլորովին թշվառացանք։ Իմ ժողովրդի մի մասը լարով չափվեց, և չկար մեկը, որ արգելեր նրան հետ դարձնելու. մեր հանդերը բաժանվեցին»։ 5 Դրա համար չի լինի մեկը, որ վիճակով լարաբաժին գցի։ Մարգարեի պատգամին հակադրվողները 6 Արտասուքով մի՛ լացեք Տիրոջ եկեղեցում, և թող չարտասվեն դրա համար, քանի որ չի հեռացնի նախատինքները։ 7 Ով ասաց, թե Իսրայելի տունը բարկացրեց Տիրոջ Հոգին, թե սա կլինի նրա ընթացքը, ճիշտ չեն նրա խոսքերը նրա հետ. իմ ժողովուրդն ուղիղ չի գնացել իմ առջևից։ 8 Թշնամության համար հակառակ կանգնեց իր խաղաղության դեմ։ Նրան մորթազերծ կանեն՝ վերացնելու հույսը, պատերազմի արհավիրքը։ 9 Դրա համար իմ ժողովրդի առաջնորդները դուրս կնետվեն իրենց վայելչագեղ տներից. իրենց չար ընթացքի համար վտարվեցին։ Մոտեցե՛ք հավիտենական լեռներին։ 10 Ոտքի՛ կանգնիր և գնա՛, քանի որ դու հանգիստ չունես այնտեղ. պղծության պատճառով ամբողջությամբ կործանվեցիք, 11 հալածվեցիք առանց որևէ մեկի հալածելու։ Չար ոգին ելավ, քո մեջ գինի և արբեցություն կաթեցրեց. այդ կաթումից այս ժողովրդին էլ կհասնի։ 12 Ամբողջովին կհավաքվի Հակոբը՝ բոլորով հանդերձ, և միանգամայն կընդունի Իսրայելի մնացորդներին, և միասին կվերադարձնեմ նրանց՝ որպես նեղության մեջ գտնվող ոչխարների, իրենց մակաղատեղիում եղող հոտերի պես։ Մարդկանցից առաջ կընթանան խրամատով, 13 քանի որ նրանց առաջ խրամատներ կբացվեն. կանցնեն դռնով և դուրս կելնեն նրանով, թագավորն էլ կելնի նրանց առաջ, և Տերը կառաջնորդի նրանց։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia