Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՄԱՂԱՔԻԱ 3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և կքննի իմ ճանապարհներն իմ առաջ։ Եվ հանկարծակի իր տաճարը կգա Տերը, որին դուք փնտրում եք, և ուխտի պատգամաբերը, որին դուք հավանում եք։ Ահա գալիս է,- ասում է Ամենակալ Տերը,-

2 ո՞վ կհամբերի նրա մուտքի օրվան, և կամ ո՞վ կդիմանա նրա հայտնությանը, քանի որ նա կմտնի հնոցի բոցի պես և բաղնիքի օճառի նման։

3 Եվ կնստի՝ սրբելու և ձուլելու արծաթի պես և ոսկու պես. կսրբացնի Ղևիի որդիներին և կհալեցնի նրանց ոսկու նման և արծաթի նման, և կլինի, որ արդարությամբ զոհեր կմատուցեն Տիրոջը։

4 Հուդայի և Երուսաղեմի զոհաբերությունը հաճելի կլինի Տիրոջը հին օրերի նման և նախկին տարիների պես։

5 Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։


Տասանորդի վճարումը

6 «Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, և չեմ փոփոխվում։ Բայց դուք, Հակոբի՛ որդիներ, հեռու չմնացիք

7 ձեր հայրերի մեղքերից, խուսափեցիք իմ օրենքներից և չպահեցիք դրանք։ Դարձե՛ք դեպի ինձ, և ես կդառնամ դեպի ձեզ,- ասում է Ամենակալ Տերը։ Սակայն ասացիք. “Ինչո՞վ դառնանք”։

8 Արդյո՞ք մարդ Աստծուն կխաբի, որովհետև դուք խաբեցիք ինձ և ասացիք. “Ինչո՞վ խաբեցինք քեզ”։ Քանի որ տասանորդներն ու պտուղները ձեզ մոտ են,

9 և ամբողջությամբ նախանձում և խաբում եք ինձ։ Տարին ավարտվեց,

10 և ամբողջ բերքը ձեր շտեմարաններում հավաքեցիք, բայց ձեր տները կբռնազավթվեն. դարձե՛ք դրա համար,- ասում է Ամենակալ Տերը։ Մի՞թե չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները և իմ օրհնությունը չեմ հեղի ձեզ վրա, մինչև բավարարվեք։

11 Կպահպանեմ ձեր կերակուրները, չեմ ոչնչացնի ձեր երկրի բերքը, և ձեր որթատունկն այգում անպտուղ չի մնա,- ասում է Ամենակալ Տերը։

12 Բոլոր ազգերը ձեզ երանի կտան, քանի որ դուք ինձ համար հաճելի երկիր կլինեք,- ասում է Ամենակալ Տերը»։


Աստված ներում է խոստանում

13 «Խստացրիք ձեր խոսքերն իմ դեմ,- ասում է Տերը,- բայց ասացիք՝ “Ինչո՞վ բամբասեցինք քո մասին”։

14 Քանի որ ասում էիք՝ “Իզուր է այն ամենը, որ ծառայում է Աստծուն. ի՞նչն է ավելի, որ պահեցինք նրա պատվիրանները և պաղատանքներով ընդառաջ գնացինք Ամենակալ Տիրոջը։

15 Եվ այժմ մենք երանի ենք տալիս ուրիշներին, և բարեշեն են բոլոր նրանք, որ անօրենություն են գործում և ընդդիմացան Աստծուն ու փրկվեցին”»։

16 Այսպես տրտնջացին Տիրոջից երկյուղածները, յուրաքանչյուրն իր ընկերոջ հետ։ Եվ անսաց Տերը, լսեց ու հիշատակի գիրք գրեց Տիրոջից երկյուղածների առաջ և նրանց համար, ովքեր սարսում են նրա անունից։

17 «Եվ կլինեն ինձ համար,- ասում է Ամենակալ Տերը,- այն օրը, երբ ես փրկություն կբերեմ ու կփայփայեմ նրանց, ինչպես հայրն է փայփայում իրեն լավ ծառայած որդուն։

18 Ապա կդառնաք և ընտրություն կանեք արդարի և անօրենի միջև, Աստծուն ծառայածի և չծառայածի միջև»։


Տիրոջ գալստյան օրը

19 «Ահա Տիրոջ օրը կգա բորբոքված հնոցի պես և կայրի նրանց, և բոլոր այլազգիներն ու բոլոր նրանք, որ անօրենություն են գործում, կդառնան եղեգ, և կայրվի նրանցով այն օրը, որ գալու է,- ասում է Ամենակալ Տերը,- և նրանց արմատն ու ճյուղը չեն մնա։

20 Բայց ձեզ՝ իմ անունից երկյուղածներիդ համար կծագի արդարության Արեգակը, և բժշկություն՝ նրա թևերին. կելնեք ու կխայտաք կապից արձակված հորթերի պես։

21 Եվ կկոխկռտեք անօրեններին, և մոխիր կդառնան ձեր ոտքերի տակ այն օրը, որ ես կսահմանեմ,- ասում է Ամենակալ Տերը։

22 Ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում թեզբացի Եղիային, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու նշանավոր օրը,

23 որ պատրաստի հոր սիրտը որդու հանդեպ և մարդու սիրտը՝ իր ընկերոջ հանդեպ. գուցե գալով հարվածեմ երկիրը միանգամից։

24 Հիշեցե՛ք իմ ծառա Մովսեսի օրենքները, ինչպես որ պատվիրեցի նրան Քորեբի վրա. բոլոր հրամաններն ու պատվիրանները»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ