Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

Հայտնություն 5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Կնքված գիրքը և գառը

1 Տեսա նաև աթոռի վրա նստողի աջ ձեռքում մի գիրք՝ գրված ներսից և դրսից ու կնքված յոթ կնիքով։

2 Եվ տեսա մի զորավոր հրեշտակ, որ կանչում էր բարձր ձայնով. «Ո՞վ է արժանի բաց անելու գիրքը և քանդելու նրա կնիքները»։

3 Եվ ոչ ոք չկար՝ ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա, ո՛չ էլ երկրի տակ, որ կարողանար բանալ գիրքը, որովհետև չէին տեսել այն։

4 Եվ ես ուժգին լալիս էի, քանի որ չգտնվեց մեկը, որ արժանի լիներ բաց անելու գիրքը և նայելու նրա մեջ։

5 Բայց երեցներից մեկն ինձ ասաց. «Լաց մի՛ եղիր. ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղից է՝ Դավթի արմատից, որ բացելու է գիրքը և քանդելու է նրա յոթ կնիքները»։

6 Եվ տեսա, որ աթոռի և չորս կենդանիների ու երեցների միջև կար մի Գառ՝ ասես մորթված. նա ուներ յոթ եղջյուր և յոթ աչք, որ Աստծու յոթ Հոգիներն են՝ ամբողջ երկրով մեկ։

7 Նա եկավ, վերցրեց գիրքը աթոռի վրա նստողի աջ ձեռքից։

8 Երբ վերցրեց գիրքը, չորս կենդանիներն ու քսանչորս երեցներն ընկան Գառան առաջ, և յուրաքանչյուրն ուներ քնար և խնկով լի ոսկե խնկաման, որ սրբերի աղոթքներն են։

9 Եվ նոր երգեր էին երգում՝ ասելով. «Արժանի ես վերցնելու այդ գիրքը և քանդելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և քո արյունով գնեցիր մեզ Աստծու համար, բոլոր ցեղերից ու լեզուներից և հեթանոսների բազմություններից։

10 Եվ նրանց թագավորներ ու քահանաներ դարձրիր մեր Աստծուն, որպեսզի թագավորեն երկրի վրա»։

11 Տեսա նաև ու լսեցի ձայնը բազում հրեշտակների, որոնք կանգնած էին աթոռի և չորս կենդանիների ու քահանաների շուրջը. նրանց թիվը բյուր բյուրավոր ու հազար հազարավոր էր։

12 Նրանք բարձր ձայնով ասում էին. «Արժանի է այդ մորթված Գառն ընդունելու մեծություն, իմաստություն, զորություն, պատիվ, փառք և օրհնություն»։

13 Լսեցի նաև, որ երկնքում, երկրի վրա և ծովում եղած բոլոր արարածները, ինչպես նաև դրանց մեջ եղած ամեն ինչ ասում էին. «Օրհնություն, պատիվ, փառք և զորություն աթոռի վրա նստողին ու Գառանը հավիտյանս հավիտենից»։

14 Եվ չորս կենդանիներն ասում էին՝ ամեն։ Եվ երեցներն ընկնում էին նրա առաջ ու երկրպագում։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ