Հայտնություն 15 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչՎերջին պատուհասները 1 Եվ երկնքում տեսա մեծ և զարմանահրաշ այլ նշան. յոթ հրեշտակներ, որոնք ունեին վերջին յոթ պատուհասները, քանի որ Աստծու բարկությունը դրանց մեջ էր լրանում։ 2 Տեսա հրախառն, ապակե ծովի նման. նրանք՝ գազանին, նրա պատկերին ու նրա անվան թվին հաղթածները, կանգնած էին ապակե ծովի վրա և ունեին Աստծու քնարները։ 3 Նրանք Աստծու առաջ երգում էին Մովսեսի՝ Աստծու ծառայի և Գառան երգերը՝ ասելով. «Տե՛ր, Աստվա՛ծ Ամենակալ, մեծամեծ և սքանչելի են գործերը քո (Սաղ. 85(86).10), արդար ու ճշմարիտ՝ ճանապարհները քո, Ո՛վ Թագավորդ բոլոր ազգերի։ 4 Եվ ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր (Երմ. 10.7), և չի փառավորելու քո անունը, քանզի դու ես միայն սուրբ և արժանի երկրպագության։ Ազգերը բոլոր պիտի գան և պիտի երկրպագեն քո առաջ (Սաղ. 85(86).9), Տե՛ր, քանզի հայտնվել է արդարությունը քո»։ 5 Այնուհետև տեսա, որ բացվեց վկայության տաճարի խորանը, որ երկնքում է։ 6 Տաճարից ելնում էին յոթ հրեշտակներ, որոնք ունեին յոթ պատուհասները. նրանք հագել էին մաքուր ու փայլուն կտավ և իրենց կրծքի շուրջը կապել էին ոսկե գոտիներ։ 7 Եվ չորս կենդանիների կողմից յոթ հրեշտակներին տրվեցին յոթ գավաթներ՝ լի ցասումով Աստծու, որ կենդանի է հավիտյանս հավիտենից։ 8 Եվ սրբարանը լցվեց Աստծու փառքի և զորության ծխով։ Եվ ոչ ոք չէր կարող մտնել սրբարան, մինչև չավարտվեին յոթ հրեշտակների յոթ պատուհասները։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia