Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՀՈՎՆԱՆ 4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Հովնանը հասկանում է, թե Տերն ինչո՛ւ խղճաց Նինվեին

1 Հովնանն ամբողջությամբ տրտմեց ու խռովվեց։

2 Աղոթեց Տիրոջը՝ Աստծուն, և ասաց. «Ո՛վ Տեր, դրանք իմ այն բառերը չէի՞ն, մինչ այնտեղ՝ իմ երկրում էի։ Դրա համար էլ շտապեցի փախչել Թարսիս, քանի որ գիտեի, որ դու ողորմած ես և գթած, համբերող ու բազումողորմ և զղջում ես չարիքների համար։

3 Արդ, Տե՛ր, Տե՛ր, հոգիս վերցրո՛ւ ինձանից, որովհետև ինձ համար ավելի լավ է մեռնելը, քան թե ողջ մնամ»։

4 Եվ Տերն ասաց Հովնանին. «Իսկապես շա՞տ ես տրտմել»։

5 Հովնանը դուրս ելավ այն քաղաքից, նստեց քաղաքի դիմաց [𝕸 քաղաքից արևելք], իր համար հովանի պատրաստեց և նստեց հովանու տակ, մինչև որ տեսներ, թե ի՛նչ էր լինելու քաղաքին։

6 Աստված հրաման տվեց դդմենուն, և Հովնանի գլխի վրա ելավ՝ նրա գլխի վրա նրան հովանի լինելու, նրան զովացնելու իր տառապանքներից։ Հովնանը շատ ուրախացավ դդմենու համար։

7 Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, Աստված հրաման տվեց որդին. վնասեց դդմենին, և չորացավ։

8 Եվ երբ արևը ծագեց, Աստված հրաման տվեց տապախառն խորշակ քամուն, և արևն ընկավ Հովնանի գլխին. տառապանքի մեջ էր, և նրա հոգին դուրս էր գալիս, և ասում էր. «Ինձ համար ավելի լավ էր մեռնելը, քան իմ այս կյանքը»։

9 Եվ Տերը՝ Աստված, ասաց Հովնանին. «Իսկապես շա՞տ ես տրտմած մնալու դդմենու համար», և ասաց. «Շատ եմ տրտմած մնալու մինչև մահ»։

10 Տերն ասաց. «Դու ափսոսացիր դդմենուն, որի համար ոչ մի ջանք չէիր թափել ու չէիր աճեցրել այն. գիշերը ելավ և հաջորդ գիշեր կորավ։

11 Ես չխնայե՞մ Նինվե մեծ քաղաքը, որտեղ բնակվում են ավելի քան տասներկու բյուր մարդիկ, որոնք իրենց աջն ու ձախը չգիտեն, նաև բազում անասուններ»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ