ՀՈԲ 26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Հոբը նորից խոսեց ու ասաց. 2 «Ո՞ւմ ես մերձենում կամ ո՞ւմ օգնականն ես լինելու. արդյոք ո՞չ նրա, ում ուժն այնքան մեծ է, ու բազուկը՝ հզոր։ 3 Ո՞ւմ խորհրդակից ես լինելու. արդյոք ո՞չ նրան, ով ամբողջապես իմաստություն է։ Ո՞ւմ հետևից ես արդ գնալու. արդյոք ո՞չ նրա, որի զորությունը այնքա՜ն մեծ է։ 4 Ո՞ւմ ես բան ասել, և կամ ո՞ւմ շունչն է դուրս եկել քեզնից։ 5 Մի՞թե երբևէ ջրի խորքից հսկաներ կծնվեն, կամ էլ այնտեղի բնակիչներից։ 6 Մերկ է դժոխքը նրա առաջ, և կործանումը վրան քող չունի։ 7 Ոչնչի շուրջը փռեց հյուսիսը, երկիրը կախեց ոչնչի վրա։ 8 Իր մշուշի մեջ ջուրն է ծրարում, և չի պատռվի ամպը նրանց տակ։ 9 Նա, ով պահում է երեսն իր գահի, փռում է վրան իր մառախուղը։ 10 Իր հրամանով սահման է քաշել ջրի երեսին, մինչև վախճանը լույսի ու մութի։ 11 Երկնի սյուները սարսել են ու զարհուրել նրա սաստումից։ 12 Հանդարտեցրել է ծովն իր զորությամբ, և օվկիանոսն է իր իմաստությամբ տարածվել։ 13 Սարսել են նրանից երկնքի փականքները. իր հրամանով սպանել է ապստամբ վիշապին։ 14 Ահա այս է մասն իր ճանապարհի, և նրանով դեռ պիտի լսենք նրա խոսքի շիթերը, Եվ ո՞վ կիմանա նրա որոտման մեծ զորությունը, երբ այն արձակվի»։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia