Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԾՆՆԴՈՑ 11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Բաբելոնի աշտարակը

1 Այն ժամանակ ողջ երկրով մեկ մարդիկ մեկ լեզու ունեին և նույն բառերը։

2 Երբ նրանք արևելքից շարժվեցին, Սենաար երկրում մի դաշտավայր գտան և բնակվեցին այնտեղ։

3 Եվ միմյանց ասացին. «Եկեք աղյուս թափենք ու այն թրծենք հրով»։ Եվ նրանք աղյուս ունեցան՝ իբրև քար, և կուպր՝ իբրև շաղախ։

4 Այնուհետև ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը հասնի մինչև երկինք, և մեզ համար անուն ստեղծենք ողջ երկրի վրա սփռվելուց առաջ»։

5 Տերն իջավ՝ տեսնելու այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները։

6 Եվ Տերն ասաց. «Սրանք մեկ ազգ են, մեկ լեզու ունեն և սկսել են այս կառուցել։ Արդ, ոչինչ չի պակասում նրանց՝ իրենց ցանկությունն ի կատար ածելու։

7 Եկեք իջնենք և խառնենք նրանց լեզուներն այնպես, որ մեկը մյուսին չհասկանա»։

8 Եվ Տերը՝ Աստված, այնտեղից նրանց սփռեց ողջ երկրի երեսին, և նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց։

9 Այդ պատճառով էլ այն կոչվեց Խառնակություն [𝕸 Բաբել], որովհետև Տերը՝ Աստված, այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները և այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով։


ԱԲՐԱՀԱՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ( 11.10–25.11 ) Սեմի սերունդը
( Ա Մն. 1.24-27 )

10 ԱՅՍ Է ՍԵՄԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Սեմը հարյուրամյա հասակում՝ ջրհեղեղից հետո երկրորդ տարում, ծնեց Արփաքսադին։

11 Սեմն Արփաքսադին ծնելուց հետո ապրեց ևս հինգ հարյուր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։

12 Արփաքսադը հարյուր երեսունհինգ տարեկան հասակում ծնեց Սաղային։

13 Արփաքսադը Սաղային ծնելուց հետո ապրեց ևս երեք հարյուր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։

14 Սաղան հարյուր երեսուն տարեկան հասակում ծնեց Եբերին։

15 Սաղան Եբերին ծնելուց հետո ապրեց ևս երեք հարյուր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։

16 Եբերը հարյուր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Փաղեկին։

17 Եբերը Փաղեկին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր յոթանասուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։

18 Փաղեկը հարյուր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Ռագավին։

19 Փաղեկը Ռագավին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր ինը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։

20 Ռագավը հարյուր երեսուներկու տարեկան հասակում ծնեց Սերուքին։

21 Ռագավը Սերուքին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր յոթ տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։

22 Սերուքը հարյուր երեսուն տարեկան հասակում ծնեց Նաքովրին։

23 Սերուքը Նաքովրին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։

24 Նաքովրը յոթանասունինը տարեկան հասակում ծնեց Թարային։

25 Նաքովրը Թարային ծնելուց հետո ապրեց ևս հարյուր քսաներկու տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։

26 Թարան յոթանասուն տարեկան հասակում ծնեց Աբրամին, Նաքովրին և Առանին։


Թարայի սերունդը

27 ԱՅՍ Է ԹԱՐԱՅԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Թարան ծնեց Աբրամին, Նաքովրին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին։

28 Առանը մեռավ իր հորից՝ Թարայից առաջ այն երկրում, որտեղ ծնվել էր՝ քաղդեացիների աշխարհում [𝕸 Ուր]։

29 Աբրամն ու Նաքովրը իրենց համար կանայք առան։ Աբրամի կնոջ անունը Սարայ էր, իսկ Նաքովրի կնոջ անունը՝ Մեղքա, որը դուստրն էր Առանի. նա հայրն էր Մեղքայի և Հեսքայի։

30 Սարայն ամուլ էր և չէր ծնում։

31 Թարան իր հետ վերցրեց իր որդի Աբրամին, իր որդի Նաքովրին, իր որդի Առանի որդի Ղովտին, իր հարս Սարային՝ իր որդի Աբրամի կնոջը, և նրանց հանեց քաղդեացիների աշխարհից, որպեսզի գնան քանանացիների երկիրը։ Բայց Խառան հասնելով՝ բնակվեցին այնտեղ։

32 Թարայի օրերը Խառանում եղան երկու հարյուր հինգ տարի, և մեռավ Խառանում։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ