ԺՈՂՈՎՈՂ 1 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչԿյանքն անիմաստ է 1 Դավթի որդու՝ Երուսաղեմում Իսրայելի թագավոր Ժողովողի խոսքերը 2 Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ունայնություն ունայնությանց. ամեն ինչ ունայն է։ 3 Ի՞նչ օգուտ ունի մարդ իր ողջ չարչարանքից, որով նա տանջվում է արեգակի ներքո։ 4 Սերունդ է գնում, սերունդ է գալիս, բայց երկիրը մնում է հավիտյան։ 5 Արեգակը ծագում, մայր է մտնում և վերադառնում իր տեղը։ 6 Ելնում է նա դեպի հարավ և դառնում դեպի հյուսիս. պտտվելով պտտվում, փչում է հողմը և վերադառնում իր շրջապտույտին։ 7 Բոլոր գետերն էլ հոսում են դեպի ծով, բայց այն չի լցվում, և վերադառնում են գետերն այնտեղ, որտեղով հոսել են՝ կրկին հոսելու համար։ 8 Ամեն ինչ ջանքով է լինում, և մարդը չի կարող դա բացատրել. աչքը տեսնելով չի հագենում, և ականջը լսելով չի լցվում։ 9 Ի՞նչ է անցյալը. այն, ինչ որ պիտի լինի, և ի՞նչ արեցինք. այն, ինչ անելու ենք միշտ։ Եվ ոչ մի նոր բան չկա արեգակի ներքո։ 10 Ո՞վ կարող է ասել՝ «Ահա սա նոր է»։ Բայց դա եղել է վաղուց, հավիտենապես՝ մեզնից առաջ եղածների մեջ։ 11 Նախկինների հիշատակը չկա, չի լինելու նաև դրանցից հետո գալիքների հիշատակը՝ ամենավերջում ծնվողների մեջ։ Փիլիսոփայի փորձառությունը 12 Ես՝ Ժողովողս, թագավորեցի Իսրայելի վրա Երուսաղեմում 13 և սիրտս տվեցի իմաստությամբ քննելու և խորհելու այն ամենի մասին, ինչ եղել է երկնքի ներքո։ Քանզի Աստված չար զբաղմունք է տվել մարդու որդիներին՝ արեգակի ներքո չարչարվելու։ 14 Ես տեսա այն բոլոր գործերը, որ կատարվել են արեգակի ներքո, և ահա ամեն ինչ ունայնություն է, քամուն բռնելու նման։ 15 Ուղիղ ձևից շեղվածին նույն ճանապարհին դարձնել չի լինի, և պակասող բանը՝ հաշվել։ 16 Սրտիս մեջ ինքս ինձ ասացի. «Ահա ես ավելի մեծ եղա և ավելի իմաստնացա, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել էին Երուսաղեմում»։ Եվ իմ սիրտը ճանաչեց իմաստությունն ու գիտությունը։ 17 Իմ սիրտը ճանաչեց բազում իմաստություն և գիտություն, ես հասկացա առակներն ու խորհուրդները։ Սակայն դա նույնպես քամուն բռնելու նման է։ 18 Քանզի շատ իմաստության մեջ շատ գիտություն կա, և իր գիտությունն ավելացնողն իր ցավն է ավելացնում։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia