Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԹՎԵՐ 12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Մարիամը պատժվում է

1 Մարիամն ու Ահարոնը վատաբանեցին Մովսեսին եթովպացի կնոջ պատճառով, որին Մովսեսը կնության էր առել։

2 Եվ ասացին. «Տերը միայն Մովսեսի՞ հետ խոսեց, մի՞թե նա մեզ հետ ևս չխոսեց»։ Եվ Տերը լսեց։

3 Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից ավելի հեզ էր։

4 Տերն անմիջապես ասաց Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին. «Դուք երեքդ էլ Վկայության խորա՛ն գնացեք»։ Եվ երեքով գնացին Վկայության խորան։

5 Տերն ամպի սյան մեջ իջավ և կանգնեց Վկայության խորանի դռանը։ Նա կանչեց Ահարոնին ու Մարիամին, և երկուսով դուրս եկան։

6 Տերն ասաց նրանց. «Լսե՛ք իմ խոսքերը. եթե ձեզանից որևէ մեկը Տիրոջ մարգարե դառնա, ես տեսիլքով կերևամ նրան և երազի մեջ կխոսեմ նրա հետ։

7 Ո՛չ այնպես, ինչպես իմ ծառա Մովսեսի հետ, որին ես վստահել եմ իմ ողջ տունը։

8 Ես նրա հետ բերան առ բերան եմ խոսում, բացահայտ և ոչ թե առակներով։ Նա տեսավ Տիրոջ փառքը։ Եվ ինչպե՞ս չերկյուղեցիք վատաբանել իմ ծառա Մովսեսին»։

9 Եվ Տերը բարկացավ նրանց վրա ու հեռացավ։

10 Ամպը վերացավ խորանից, իսկ Մարիամը ձյան նման բորոտ դարձավ։ Ահարոնը նայեց Մարիամին և տեսավ, որ նա բորոտ է դարձել։

11 Ահարոնն ասաց Մովսեսին. «Խնդրում եմ քեզ, տե՛ր, մի՛ պատժիր մեզ մեր մեղքերի պատճառով, որ գործեցինք չիմանալով։

12 Թող չնմանվի այն վիժվածին, որ մահացած է ելնում մոր արգանդից՝ կեսը սպառված մարմնով»։

13 Այն ժամանակ Մովսեսն աղաղակեց Տիրոջը և ասաց. «Խնդրում եմ քեզ, Աստվա՛ծ, բուժի՛ր նրան»։

14 Տերն ասաց Մովսեսին. «Եթե Մարիամի հայրը թքեր նրա երեսին, մի՞թե նա յոթ օր ամոթ չէր կրելու։ Ուրեմն յոթ օր նա թող հեռանա բանակատեղիից և հետո վերադառնա»։

15 Եվ Մարիամը յոթ օր հեռացվեց բանակատեղիից։ Ժողովուրդը ճանապարհ չընկավ, մինչև որ Մարիամը չմաքրվեց։

16 Դրանից հետո ժողովուրդը մեկնեց Ասերովթից և բանակեց Փառանի անապատում։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ