ԶԱՔԱՐԻԱ 8 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչՏերը խաղաղություն և բարօրություն է խոստանում Սիոնին 1 Եվ Ամենակալ Տիրոջ խոսքը եղավ ինձ և ասաց. 2 «Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ամբողջովին մեծ նախանձախնդրությամբ լցվեցի Երուսաղեմի և Սիոնի համար և մեծ բարկությամբ նախանձախնդիր եղա նրա համար”։ 3 Այսպես է ասում Տերը. “Կվերադառնամ Սիոն և կբնակվեմ Երուսաղեմում. Երուսաղեմը կկոչվի ճշմարիտ քաղաք, և Ամենակալ Տիրոջ լեռը՝ սուրբ լեռ”։ 4 Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Երուսաղեմի հրապարակներում դարձյալ կնստեն ծերունիներ ու պառավներ, յուրաքանչյուրն իր ձեռքին ցուպ՝ մեծ տարիքի պատճառով։ 5 Քաղաքի հրապարակները կլցվեն պատանիներով և աղջիկներով, որ խաղան նրա հրապարակներում”։ 6 Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Եթե անհնարին բան լինի այդ ժողովրդի մնացորդների առջև այդ օրերին, մի՞թե իմ առջև էլ անհնարին բան կլինի”,- ասում է Ամենակալ Տերը։ 7 Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ահա ես փրկում եմ իմ ժողովրդին արևելքի երկրից և արևմուտքի երկրից. 8 նրանց կբերեմ ու կբնակեցնեմ Երուսաղեմում, և ինձ համար ժողովուրդ կլինեն, և ես կլինեմ նրանց համար Աստված՝ ճշմարտությամբ և արդարությամբ”։ 9 Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Թող զորանան ձեր ձեռքերը, որ այս օրերին լսում եք մարգարեների բերաններից այս խոսքերն այն օրվանից, երբ Ամենակալ Տիրոջ տան հիմքը գցեցիք, և երբ այս տաճարը շինվեց։ 10 Քանի որ այն օրերից առաջ մարդկանց վարձելն օգուտ չէր, անասուններ վարձելն էլ հարգի չէր, և ելնողի ու մտնողի համար չկար խաղաղություն նեղության պատճառով. կուղարկեմ բոլոր մարդկանց, յուրաքանչյուրին իր ընկերոջ դեմ։ 11 Բայց արդ նախկին օրերի նման ես չեմ անի այդ ժողովրդի մնացորդներին,- ասում է Ամենակալ Տերը,- 12 այլ խաղաղություն ցույց կտամ։ Այգին կտա իր պտուղը, հողը կտա իր բերքը, երկինքը կտա իր ցողը, և այդ ամենը ժառանգություն կտամ իմ ժողովրդի մնացորդներին։ 13 Եվ կլինի, ինչպես որ անեծք էիք ազգերի մեջ, Հուդայի՛ տուն և Իսրայելի՛ տուն, նույնպես կփրկեմ ձեզ, և կլինեք օրհնություն. քաջալերվե՛ք, և թող զորանան ձեր ձեռքերը”։ 14 Քանի որ այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ինչպես խորհեցի ձեզ չարչարել, երբ ձեր հայրերը բարկացրին ինձ,- ասում է Ամենակալ Տերը,- և չզղջացի, 15 նույնպես պատրաստվում ու խորհում եմ այս օրերին բարիք անել Երուսաղեմին և Հուդայի տանդ. քաջալերվե՛ք։ 16 Այս բաներն են, որ պիտի անեք. խոսե՛ք ճշմարտությունը, յուրաքանչյուրն իր ընկերոջը, խաղաղությա՛ն դատաստան և արդա՛ր դատ արեք ձեր դռների առաջ. 17 թող յուրաքանչյուրն իր սրտում չարիք չխորհի իր ընկերոջ համար. մի՛ սիրեք սուտ երդումը, որովհետև ատեցի այդ ամենը”,- ասում է Ամենակալ Տերը»։ Պահեցողության օրերը պիտի դառնան տոնի օրեր 18 Ամենակալ Տիրոջ խոսքը եղավ ինձ, և ասաց. 19 «Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Չորրորդ պահքը և հինգերորդ պահքը, յոթերորդ պահքը և տասներորդ պահքը թող Հուդայի տանդ համար լինեն խնդություն, ուրախություն և բարության տոներ. ուրա՛խ եղեք և սիրե՛ք ճշմարտությունն ու խաղաղությունը”։ 20 Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Դարձյալ կգան շատ ժողովուրդներ և բազում քաղաքների բնակիչներ, 21 և մեկի բնակիչները կհավաքվեն մյուս քաղաքում և կասեն. “Գնանք աղաչելու Տիրոջ առջև և փնտրելու Ամենակալ Աստծու երեսը”. ես էլ կգնամ։ 22 Շատ ժողովուրդներ կգան՝ փնտրելու Ամենակալ Տիրոջ երեսը Երուսաղեմում և Տիրոջ հետ հաշտություն գտնելու”։ 23 Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Այն օրերին, եթե ազգերի բոլոր լեզուներից տասը տղամարդիկ բռնեն, կբռնեն հրեա տղամարդու քղանցքից ու կասեն. “Մենք կգանք քեզ հետ, որովհետև լսեցինք, որ Աստված քեզ հետ է”»։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia