ԶԱՔԱՐԻԱ 6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչը. Չորս կառքերի տեսիլքը 1 Դարձա ու բարձրացրի աչքերս և տեսա. ահա չորս կառքեր էին ելնում երկու լեռների միջից, և լեռները պղնձե լեռներ էին։ 2 Առաջին կառքում աշխետ ձիեր էին, երկրորդ կառքում՝ սև ձիեր, 3 երրորդ կառքում՝ սպիտակ ձիեր, և չորրորդ կառքում՝ զանազան բծավոր ձիեր։ 4 Պատասխան տվեցի և ասացի հրեշտակին, որ խոսում էր ինձ հետ. «Ի՞նչ են դրանք, տե՛ր»։ 5 Պատասխան տվեց հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, և ասաց. «Դրանք երկնքի չորս հողմերն են, որ ելնում են ողջ աշխարհի Տիրոջ առջև կանգնելու»։ 6 Կառքը, որի մեջ սև ձիերն էին, ելնում էր դեպի հյուսիսի երկիր, սպիտակները ելնում էին նրանց հետևից, և բծավորները ելնում էին դեպի հարավի երկիր 7 և նայում էին շրջելու ողջ երկրով մեկ։ Եվ ասաց. «Գնացե՛ք և շրջե՛ք երկրով մեկ»։ Եվ շրջեցին երկրով մեկ։ 8 Եվ աղաղակեց և ասաց ինձ. «Ահա, նրանք, որ ելնում են հյուսիսի երկիրը, հանդարտեցրին իմ բարկությունը հյուսիսի երկրում»։ Մարգարեություն Հեսուի պսակադրման մասին 9 Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ և ասաց. 10 «Դու ինձ համար վերցրո՛ւ իշխանների, նրա պիտանի մարդկանց ու նրա գիտունների այն գերության ավարից և այն օրը կմտնես Սոփոնիայի, որ եկել է Բաբելոնից, որդու՝ Հովսիայի տունը։ 11 Ոսկի և արծաթ կվերցնես, պսակ կպատրաստես ու կդնես Հովսեդեկ քահանայապետի որդու՝ Հեսուի գլխին 12 և կասես նրան. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ահա՛ մարդը, որի անունը Ծագում է. կծագի իր ներսից և կշինի Տիրոջ տունը։ 13 Նա քաջություն կառնի, կնստի և կտիրի իր աթոռին։ Քահանան կլինի նրա աջ կողմում, և խաղաղության խորհուրդը՝ երկուսի միջև։ 14 Այդ պսակը կլինի նրանց համար, ովքեր սպասում են, և նրա պիտանի մարդկանց ու նրանց համար, ովքեր ճանաչում են այն. որպես շնորհք՝ Սոփոնիայի որդուն և երգեր՝ Տիրոջ տան համար”»։ 15 Եվ նրանցից հեռավորները կգան ու կշինեն Տիրոջ տունը, և կիմանաք, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց ձեզ մոտ։ Եվ սա կլինի, եթե ամբողջությամբ անսաք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia