Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԶԱՔԱՐԻԱ 2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


բ. Եղջյուրների տեսիլքը

1 Բարձրացրի իմ աչքերն ու տեսա ահա չորս եղջյուրներ

2 և ասացի հրեշտակին, որ խոսում էր ինձ հետ. «Ի՞նչ են դրանք, տե՛ր»։ Ասաց ինձ. «Դրանք այն եղջյուրներն են, որ ցիրուցան արեցին Հուդան և Իսրայելը»։

3 Եվ Տերն ինձ ցույց տվեց չորս հյուսն։

4 Եվ ասացի. «Իսկ դրանք ի՞նչ անելու են գալիս»։ Ասաց ինձ. «Այդ եղջյուրներն են, որ ցիրուցան արեցին Հուդան և խորտակեցին Իսրայելը, և նրանցից ոչ ոք չբարձրացրեց իր գլուխը։ Եվ սրանք ելել են իրենց ձեռքով սրելու դրանք՝ չորս եղջյուրները, Տիրոջ երկրի դեմ եղջյուր բարձրացրած ազգերը՝ ցիրուցան անելու այն»։


գ. Չափելու լարի տեսիլքը

5 Բարձրացրի իմ աչքերն ու տեսա ահա մի մարդ, և իր ձեռքին երկրաչափ լար ուներ։

6 Ասացի նրան. «Ո՞ւր ես գնում»։ Եվ ասաց ինձ. «Երուսաղեմը չափելու և տեսնելու, թե որչա՛փ է նրա լայնությունը և որչա՛փ՝ երկարությունը»։

7 Եվ ահա հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, հանգիստ կանգնած էր, և ուրիշ հրեշտակ ելավ նրան ընդառաջ

8 և ասաց նրան. «Գնա՛ և խոսի՛ր այն երիտասարդի հետ և ասա՛. “Պտղալից Երուսաղեմը կբարեկարգվի իր մեջ եղող անասունի և մարդկանց բազմության պատճառով։

9 Ես նրա համար շուրջանակի հրեղեն պարիսպ կլինեմ և փառքով կբնակվեմ նրա մեջ”»։


Տիրոջ վերադարձի հրավեր

10 «Հե՛յ, հե՛յ, փախե՛ք հյուսիսի երկրից,- ասում է Տերը,- քանի որ երկնքի չորս հողմերից կհավաքեմ ձեզ,- ասում է Տերը։

11 Դեպի Սիոն դիմելով փրկվե՛ք, Բաբելոնի դստեր բնակիչնե՛ր»։

12 Քանի որ այսպես է ասում Ամենակալ Տերը. «Փառքի հետևից ինձ արձակեց դեպի այն ազգերը, որ կողոպտեցին ձեզ, որովհետև ով մոտենա ձեզ, նման է նրան, ով հարվածում է իր աչքի բիբին։

13 Ահավասիկ ես իմ ձեռքը կբերեմ նրանց վրա, և կկողոպտվեն նրանց ծառայեցնողները, և կիմանաք, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց։

14 «Խնդա՛ և ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, քանի որ ահա ես կգամ ու կբնակվեմ քո մեջ,- ասում է Տերը,-

15 և այդ օրը շատ ազգեր կապավինեն Տիրոջը և կլինեն նրա համար ժողովուրդ ու կբնակվեն քո մեջ»։ Եվ կիմանաս, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց քեզ մոտ։

16 Եվ Տերը սուրբ երկրում կժառանգի Հուդան՝ իր բաժինը, և դարձյալ կընտրի Երուսաղեմը.

17 և թող ամեն մարմին երկնչի Տիրոջ երեսից, քանի որ Տերը բարձրացել է իր սուրբ ամպերից։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ