Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԶԱՔԱՐԻԱ 12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Երուսաղեմը ենթարկվում է աղետների

1 Տիրոջ խոսքի հայտնությունն Իսրայելին։ Ասաց Տերը, որ տարածեց երկինքն ու գցեց երկրի հիմքերը և ստեղծում է մարդու հոգին նրա մեջ.

2 «Ահա ես Երուսաղեմը դարձնում եմ որպես երերուն շեմեր բոլոր ժողովուրդների համար, որ նրա շուրջն են, և Հուդայի երկրում կլինի պաշարում Երուսաղեմի դեմ։

3 Եվ կլինի, որ այն օրը Երուսաղեմը կդարձնեմ մի կոխկռտվող քար բոլոր հեթանոսների համար. ամեն ոք, ով կոխոտի այն, ամբողջությամբ կծաղրի նրան, և նրա դեմ կհավաքվեն երկրի բոլոր ազգերը։

4 Այն օրը,- ասում է Ամենակալ Տերը,- կհարվածեմ բոլոր երիվարներին խուճապով և նրա հեծյալներին՝ հիմարությամբ, բայց կբացեմ իմ աչքերը Հուդայի տան վրա և ազգերի բոլոր երիվարներին կհարվածեմ կուրությամբ։

5 Եվ Հուդայի հազարապետներն իրենց սրտերում կասեն. “Մենք Երուսաղեմի բնակիչներին կգտնենք իրենց Ամենակալ Տեր Աստծու ձեռքով”։

6 Այն օրը Հուդայի հազարապետներին կդարձնեմ փայտերի մեջ հրձիգ ձողերի նման և եղեգնի մեջ հրավառ ջահերի պես, և աջից ու ձախից շուրջանակի կուտեն բոլոր ժողովուրդներին, և Երուսաղեմը դարձյալ կբնակվի առանձին, Երուսաղեմում։

7 Եվ Տերը կփրկի Հուդայի վրանները, որ ի սկզբանե կային, որպեսզի Դավթի տան պարծանքն ու Երուսաղեմի բնակիչների հպարտությունը չմեծաբանեն Հուդայի տան դեմ։

8 Եվ կլինի, որ այն օրը Տերը կպաշտպանի Երուսաղեմի բոլոր բնակիչներին. և կլինի, որ այն օրը տկարը կլինի Դավթի պես, և Դավթի տունը՝ Աստծու տան պես, Տիրոջ հրեշտակի պես՝ նրանց առաջ»։


Համատարած սուգ Երուսաղեմում

9 «Եվ կլինի, որ այն օրը կփնտրեմ կործանել Երուսաղեմի վրա եկած բոլոր ազգերին։

10 Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակիչների վրա կհեղեմ շնորհների ու գթության հոգին. և կնայեն ինձ վրա, որ խոցեցին, պարելու փոխարեն, և ամբողջովին կկոծեն նրա համար, ինչպես սիրելիի համար, և ամբողջությամբ կսգան, ինչպես անդրանիկ զավակի համար։

11 Այն օրը Երուսաղեմում սուգը կսաստկանա դաշտում կտրտված նռնենիների սգի նման,

12 և երկիրը կսգա՝ ըստ բազում, առանձին ցեղերի. Դավթի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին, Նաթանի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին,

13 Ղևիի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին, Շմավոնի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին։

14 Մնացած բոլոր ցեղերը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ