Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԶԱՔԱՐԻԱ 10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Խնդրել Տիրոջից և ոչ կուռքերից

1 «Խնդրե՛ք Տիրոջից անձրև ըստ ժամանակի՝ վաղաժամ և ուշացած։ Տերը հրաշքներ գործեց և ձմեռային անձրև կբերի նրանց հանդի յուրաքանչյուր խոտի վրա։

2 Քանի որ վհուկները նեղություններ բարբառեցին, և կախարդները սուտ տեսիլքներ ու սուտ երազներ էին խոսում և իզուր մխիթարում, դրա համար ցամաքեցին հոտերի նման ու չարիքներ կրեցին, որովհետև բժշկություն չկար»։


Գերեդարձության խոստումներ

3 «Իմ բարկությունը բորբոքվեց հովիվների դեմ, և գառների համար այցելություն կանեմ։ Եվ Տերը՝ Ամենակալ Աստված, կայցելի իր հոտին՝ Հուդայի տանը, և կպատրաստի նրանց իր համար որպես պատերազմի գեղեցիկ երիվար։

4 Նրանից դիտեց ու նրանից պատրաստեց, նրանից է իր աղեղը բարձրությամբ, և նրանից կելնի ամեն ոք, ով կհալածի նրանով։

5 Եվ կլինեն պատերազմողների պես, որ կկոխկռտեն ցեխը պատերազմի ճանապարհներին ու ճակատամարտ կտան, որովհետև Տերը նրանց հետ է, և կամաչեն հեծյալները երիվարների վրա։

6 Եվ կզորացնեմ Հուդայի տունը և Հովսեփի տունը կփրկեմ ու կբնակեցնեմ նրանց, որովհետև սիրեցի նրանց. և կլինեն, կարծես թե նրանցից դարձած չլինեի, որովհետև ես եմ Տերը՝ նրանց Աստվածը, և կլսեմ նրանց։

7 Եվ կլինեն Եփրեմի պատերազմողների պես, և նրանց սիրտը կխնդա, ինչպես գինուց, նրանց որդիները կտեսնեն և կուրախանան, և նրանց սրտերը կցնծան Տիրոջով։

8 Կազդարարեմ նրանց և կընդունեմ նրանց, քանի որ կփրկեմ նրանց, և կբազմանան, ինչպես որ բազմաթիվ էին։

9 Կսերմանեմ նրանց ազգերի մեջ, և նրանք, որ հեռու լինեն, կհիշեն ինձ։ Կմեծացնեն իրենց որդիներին ու կվերադառնան։

10 Եվ կդարձնեմ նրանց եգիպտացիների երկրից, ասորեստանցիներից կընդունեմ նրանց և Գաղաադ ու Լիբանան կմտցնեմ նրանց, և նրանցից և ոչ մեկը չի պակասի։

11 Կանցնեն նեղ ծովով և կխփեն ծովի ալիքներին. կցամաքեն գետերի բոլոր խորությունները, կկործանվի ասորեստանցիների ողջ հպարտությունը, և կվերանա եգիպտացիների իշխանությունը։

12 Եվ նրանց կզորացնեմ Տիրոջով՝ նրանց Աստծով, և նրա անունով կպարծենան»,- ասում է Տերը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ