ԵՐԵՄԻԱ 47 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչՓղշտացիների կործանումը Այլազգիների մասին 1 Տիրոջ խոսքն այլազգիների մասին՝ ուղղված Երեմիա մարգարեին, երբ փարավոնը դեռ չէր ավերել Գազան։ 2 Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ ջրեր են բարձրանում հյուսիսից, որոնք, հորդահոս հեղեղների վերածվելով, պիտի ողողեն երկիրն ամբողջությամբ, քաղաքն իր բնակիչներով։ Պիտի գոչեն մարդիկ, և երկրի բոլոր բնակիչները աղաղակ պիտի բարձրացնեն 3 ասպատակող հեծելազորի զենքերի ու ոտքերի ձայնից, նրա կառքերի շաչյունից և դրանց անիվների շառաչից։ Հայրերը չպիտի դառնան դեպի իրենց որդիները, որովհետև նրանց ձեռքերը պիտի թուլանան 4 այն օրը, որը վրա է հասնելու բոլոր այլազգիներին կորստյան մատնելու համար։ Կորստյան պիտի մատնեմ նաև Ծուրն ու Ծայդանը [𝕸 և Ο΄ Տյուրոսն ու Սիդովնը] և նրանց մյուս բոլոր օգնականներին»։ Տերը ոչնչացնելու է կղզիներում և Գամիրքում մնացած այլազգիներին։ 5 Գազայում այնպիսի սուգ պիտի լինի, որ մարդիկ խուզեն իրենց գլուխները, Ասկաղոնը պիտի ոչնչանա, ինչպես և Ենակի որդիների մնացորդները։ Մինչև ե՞րբ պիտի կոտորես, 6 դու, Տիրո՛ջ սուր, մինչև ե՞րբ դադար չպիտի առնես, վերադարձի՛ր քո պատյանը, հանգի՛ստ առ, հե՛տ կանգնիր։ 7 Ինչպե՞ս դադար առնի նա. չէ՞ որ Տերը հրամայեց նրան հարձակվել Ասկաղոնի և նրանց վրա, ովքեր մնացել էին ծովեզերքին։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia