ԵՍԱՅԻ 64 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչԱղոթք գթության 1 Ինչպես մոմը՝ կրակի դիմաց, կրակը կայրի քո հակառակորդներին, և քո անունը հայտնի կդառնա թշնամիներիդ. քո ներկայությունից հեթանոսները խռովության կմատնվեն։ 2 Երբ հրաշալի գործեր կատարես, քո ահից լեռները կսասանվեն։ 3 Հնուց ի վեր չլսեցինք, և ոչ էլ մեր աչքերը քեզնից բացի տեսան մեկ այլ Աստված, որ քո ողորմության վրա հույս դնողների համար այսպիսի բաներ աներ, 4 ընդառաջ գնար նրանց, որոնք արդարություն են գործում և հիշում քո ճանապարհները։ Եվ ահա դու բարկացար, որովհետև մենք մեղք գործեցինք և դրա համար էլ մոլորվեցինք։ 5 Մենք ամենքս պիղծ դարձանք, և մեր ամբողջ արդարությունը դաշտանի շորերի նմանվեց, մեր անօրենությունների պատճառով մենք ամենքս տերևի նման ցած թափվեցինք. հողմերը քշեցին մեզ։ 6 Ոչ մեկը չի կանչում քո անունը, ոչ ոք չի մտածում քեզ ապաստանել. ահա թե ինչու քո երեսը մեզնից շրջեցիր և մեր մեղքերի համար մեզ դատապարտեցիր։ 7 Տե՜ր, մեր Հայրն ես դու. մենք կավ ենք, իսկ դու՝ մեր ստեղծիչը, մենք ամենքս քո ձեռքի գործն ենք։ 8 Տե՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրա և մեր մեղքերը հավիտյան մի՛ հիշիր։ Եվ հիմա նայի՛ր, Տե՛ր, մենք ամենքս քո ժողովուրդն ենք։ 9 Քո սուրբ քաղաք Սիոնն ավերակ դարձավ, Երուսաղեմն անապատ դարձավ ու անեծքի մատնվեց։ 10 Մեր սուրբ տաճարն ու փառքը, որտեղ մեր հայրերն օրհներգում էին, հրո ճարակ դարձավ, և մեր ողջ փառավորությունը կործանվեց։ 11 Եվ այս ամենը դու հանդուրժում ես, Տե՛ր, լռություն ես պահում ու սաստիկ նվաստացնում մեզ։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia