ԵՍԱՅԻ 62 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչԵրուսաղեմը պիտի վերագտնի իր փառքը 1 Չեմ լռի հանուն Սիոնի և չեմ ների հանուն Երուսաղեմի, մինչև լույսի պես չծագի նրա արդարությունը, և փայլակի պես չբոցավառվի նրա փրկությունը։ 2 Բոլոր ազգերը պիտի տեսնեն քո արդարությունը, թագավորները՝ քո փառքը, և դու նոր անունով ես կոչվելու, որ Տերն է անվանելու։ 3 Տիրոջ ձեռքին վայելչության պսակ պիտի դառնաս և քո Աստծու ձեռքին՝ արքայական թագ։ 4 Այլևս չես կոչվելու Լքյալ, ոչ էլ քո երկիրն է կոչվելու Ավերակ։ Քեզ պիտի կոչեն Իմ կամքը, իսկ քո երկիրը՝ Շեն բնակություն, որովհետև Տերը բարյացակամ է լինելու քո նկատմամբ, և քո երկիրը բնակությամբ պիտի լցվի։ 5 Ինչպես որ երիտասարդն է ամուսնանում կույսի հետ, այնպես էլ քո որդիները պիտի ապրեն քեզ հետ, և ինչպես որ, օրինակ, փեսան է ուրախանում հարսի համար, այնպես էլ Տերն է ուրախ լինելու քեզ համար։ 6 Քո պարիսպների վրա, ո՛վ Երուսաղեմ, ամբողջ օրն ու ողջ գիշերը պահապաններ պիտի կարգեմ, որ մինչև վերջ չդադարեն հիշել Տիրոջը։ 7 Ձեր նմանը չի լինի, երբ նա վերստին ուղղի և Երուսաղեմը պարծանք դարձնի երկրի վրա։ 8 Տերը երդվեց իր փառքով և իր բազկի զորությամբ, որ քո ցորենն ու կերակուրը չի տա քո թշնամիների ձեռքը, և օտարների որդիները չեն խմի քո գինին, որի համար դու հոգնեցիր, 9 այլ ովքեր այդ ամբարեցին, նրանք պիտի ուտեն և օրհնեն Տիրոջը, և ովքեր այդ հավաքեցին, նրանք պիտի խմեն իմ սուրբ սրահներում։ 10 Նե՛րս մտեք իմ դռներով, պատրաստե՛ք ճանապարհները, շտկե՛ք շավիղները, ճամփա՛ բացեք իմ ժողովրդի համար, ճանապարհը մաքրեք քարերից և դրոշա՛կ բարձրացրեք՝ որպես նշան ազգերի մեջ։ 11 Ահա թե ինչ ազդարարեց Տերը մինչև երկրի ծագերը. «Ասացե՛ք Սիոնի դստերը. ահավասիկ գալիս է քո Փրկիչը, և իր վարձն իր հետ է, գործը՝ իր աչքի առաջ»։ 12 Տիրոջ ձեռքով փրկված Սուրբ ժողովուրդ է կոչելու նրան, իսկ դու կոչվելու ես Փնտրված քաղաք և ոչ թե Լքված»։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia