ԵՍԱՅԻ 61 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչԱզատագրման բարի լուրը 1 Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, 2 հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծու կողմից հատուցման օրը, մխիթարելու բոլոր սգավորներին, 3 փառավորելու Սիոնի սգավորներին, որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։ Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։ 4 Պիտի վերաշինեն դարավոր ավերակները, նախկինում ավերվածները պիտի վերականգնեն և նորոգեն դարերից ի վեր փլատակված քաղաքները։ 5 Օտարածինները պիտի գան ու լինեն քո ոչխարների հոտերի հովիվները, այլազգիները՝ քո մաճկալներն ու այգեգործները։ 6 Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչվեք, մեր Աստծու պաշտոնյաներ պիտի անվանվեք, ազգերի հարստությունը պիտի ուտեք և նրանց մեծությամբ պիտի փառավորվեք։ 7 Ձեր ամոթի փոխարեն՝ կրկնակի ուրախություն, ձեր անարգանքի փոխարեն ցնծություն պիտի վայելեք և ապա դարձյալ պիտի ժառանգեք երկիրը, և հավիտենական ուրախություն պիտի լինի ձեզ համար։ 8 Ես՝ Տերս, սիրում եմ արդարությունը և ատում անիրավ հափշտակությունը. արդարներին պիտի տամ իրենց վաստակը և հավիտենական ուխտ պիտի անեմ նրանց հետ։ 9 Պիտի ճանաչվի նրանց սերունդը ազգերի մեջ և նրանց զավակները՝ ժողովուրդների մեջ. ամենքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց և ասեն. «Սրանք Աստծու օրհնյալ զավակներն են», ու ցնծությամբ պիտի ուրախ լինեն Տիրոջով։ 10 Թող ցնծա իմ անձը Տիրոջով, որովհետև նա ինձ փրկության զգեստ և ուրախության պատմուճան հագցրեց, որպես փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին և որպես հարսի՝ զուգեց ինձ զարդով։ 11 Ինչպես երկիրն է աճեցնում իր ծաղիկները, և ինչպես պարտեզն է ծլեցնում իր սերմերը, այնպես էլ Տերն է ծագեցնելու իր արդարությունն ու ցնծությունը բոլոր ազգերի առաջ։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia