ԵՍԱՅԻ 53 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչՏիրոջ ծառան պիտի անարգվի մարդկանցից 1 Տե՛ր, ո՞վ հավատաց մեր տված լուրին, և ո՞ւմ հայտնի դարձավ Տիրոջ բազուկը։ 2 Նրա առջև կանգնեցինք որպես մանուկ, որպես արմատ՝ ելած անջրդի հողից. ո՛չ տեսք ուներ նա, ո՛չ էլ վեհություն։ Տեսանք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ գեղեցկություն։ 3 Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտի. իր երեսը դարձնելով՝ արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց։ 4 Նա մեր մեղքերն էր վերցնում և մեզ համար չարչարվում, սակայն մենք նրա ցավերը, հարվածներն ու չարչարանքները համարեցինք իբրև Աստծուց եկած բան։ 5 Բայց նա վիրավորվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար պատժվեց. մեր խաղաղության համար նա՛ պատիժ կրեց, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ 6 Ամենքն էլ մոլորված ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորվեց, և Տերը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։ 7 Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում։ Նա մորթվելու տարվեց ոչխարի պես. և գառան նման անմռունչ կանգնած է խուզողի առաջ և այնպես իր բերանը չի բացում։ 8 Նրա խոնարհության շնորհիվ նրա դատաստանը վերացավ, և նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի։ Երկրի վրա վերջ տվեցին նրա կյանքին. իմ ժողովրդի անօրենությունների պատճառով նա մահվան մատնվեց։ 9 Պիտի պատժեմ չարերին նրա գերեզմանի փոխարեն և հարուստներին՝ նրա մահվան փոխարեն, որովհետև նա անօրենություն չգործեց, և նենգությունը տեղ չգտավ նրա բերանում։ 10 Տերը կամենում է մաքրել նրան վերքերից։ Եթե մեղքերի զոհը մատուցեք, ապա երկարակյաց սերնդի կարժանանաք, որի միջոցով Տերը կցանկանա ազատել 11 նրան իր ցավերից, նրան լույս ցույց տալ և օժտել իմաստությամբ, արդարացնել արդարին, որը հոժարակամ ծառայեց շատերին և իր վրա է վերցնելու նրանց մեղքերը։ 12 Ահա թե ինչու նա շատ բան պիտի ժառանգի և հզորների ավարը պիտի բաժանի, որովհետև նրա անձը մահվան մատնվեց, և նա հանցավորների հետ դասվեց։ Նա շատերի մեղքերը կրեց և նրանց անօրենությունների համար դատապարտվեց։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia