Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԵՍԱՅԻ 50 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Իսրայելը բաժանված չէ իր Տիրոջից

1 Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք, և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը։

2 Եկա, և մարդ չկար. կանչեցի, բայց ոչ ոք չկար, որ լսեր. մի՞թե իմ ձեռքը չի կարող փրկել, կամ մի՞թե ես ի զորու չեմ ազատելու։ Ահա իմ սպառնանքով կցամաքեցնեմ ծովը, կչորացնեմ գետերը, և ջրերի պակասությունից կչորանան նրանց ձկները ու կսատկեն ծարավից։

3 Խավար կհագցնեմ երկնքին, նրա հանդերձը քուրձ կդարձնեմ»։


Ծառան ապավինում է Տիրոջ օգնությանը

4 Տերը ինձ խրատող լեզու է տալիս, որ կարողանամ ճիշտ ժամանակին խոսք ասել, ամեն առավոտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ։

5 Տիրոջ խրատը կբացի իմ ականջները, և ես անհնազանդ չեմ դառնա ու չեմ ընդդիմանա։

6 Թիկունքս հարվածների տվեցի, ծնոտներս՝ ապտակի, և երեսս շուռ չտվեցի երեսիս թքելու նախատինքից։

7 Տերը եղավ ինձ օգնական, դրա համար էլ ամոթ չզգացի, այլ իմ երեսը դարձրի կարծր քարի պես։ Գիտեմ, որ չեմ ամաչելու,

8 քանի որ մոտ է նա, ով արդարացնելու է ինձ։ Ո՞վ է իմ ոսոխը, թող գա և կանգնի մեջտեղը. ո՞վ է նա, որ դատապարտելու է ինձ, թող մոտենա ինձ.

9 ահա Տերն է ինձ օգնական, և ո՞վ է, որ չարչարելու է ինձ։ Ահա դուք բոլորդ ձորձերի պես պիտի հնանաք, և ցեցը պիտի ուտի ձեզ։

10 Ձեր մեջ ո՞վ կա, որ վախենում է Տիրոջից, թող լսի նրա ծառայի ձայնը։ Ովքեր գնում էին խավարի մեջ, և լույս չկար նրանց համար, թող իրենց հույսը դնեն Տիրոջ անվան վրա և խրախուսվեն Աստծով։

11 Ահա դուք ամենքդ, որ վառված եք հրով, պիտի պարտվեք բոցից, պիտի ընթանաք ձեր իսկ կրակի լույսի միջով ու պիտի բորբոքվեք բոցով։ Դա իմ պատճառով պիտի հասնի ձեզ, և դուք տրտմության մեջ պիտի ննջեք։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ