ԵՍԱՅԻ 40 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչՄխիթարություն Երուսաղեմի համար 1 «Մխիթարե՛ք, մխիթարե՛ք իմ ժողովրդին,- ասում է Աստված,- 2 դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեք և մխիթարե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանի որ իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։ 3 Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթե՛ք մեր Աստծու շավիղները։ 4 Բոլոր ձորերը պիտի լցվեն, և բոլոր լեռներն ու բլուրները պիտի խոնարհվեն, անհարթ տեղերը պիտի հարթանան, և առապարները դաշտերի վերածվեն։ 5 Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը, քանզի Տե՛րը խոսեց»։ 6 Մի ձայն ասում է՝ կանչի՛ր։ Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ։ «Գոչի՛ր, ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի։ 7 Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափվում է, որովհետև նրա վրա փչում է Տիրոջ շունչը։ Արդարև, իմ այս ժողովուրդը նման է խոտի։ Խոտը չորանում է, ծաղիկը թափվում, 8 բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան»։ 9 Ե՛լ այդ բարձր լեռան վրա, ո՛վ ավետաբեր Սիոնի, ո՛ւժ տուր քո ձայնին, ո՛վ ավետաբեր Երուսաղեմի, ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր և հայտնի՛ր Հուդայի քաղաքներին. «Ահավասիկ ձեր Աստվածը։ 10 Ահա Տերը՝ Աստված, որ գալիս է զորությամբ և իր բազկի իշխանությամբ. ահավասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր առջև են։ 11 Հովվի նման հովվելու է իր հոտերը, իր բազկով հավաքելու է գառներին, նրանց կրելու է իր ծոցում, մխիթարիչ է լինելու հղիներին»։ Իսրայելի անզուգական Աստվածը 12 Ո՞վ իր ափով չափեց ջրերը, թզով՝ երկինքը և քիլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացավ լեռները կշռել կշեռքով և դաշտերը՝ նժարով։ 13 Ո՞վ իմացավ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձավ նրան՝ նրան իբր խելամիտ դարձնելու համար։ 14 Կամ թե ո՞ւմ հետ խորհրդակցեց նա, որ իրեն խելամիտ դարձնի, և կամ ո՞վ նրան ցույց տվեց արդարադատությունն ու իմաստության ճանապարհը, կամ անցյալում ո՞վ փոխ տվեց իրեն, որ հատուցի նրան։ 15 Բոլոր ազգերը նման են մի կաթիլի՝ դույլի մեջ և մի փոշեհատիկի՝ կշեռքի վրա և կամ բերանից ցայտող շիթերի։ 16 Այրելու համար Լիբանանը բավական չէ, բոլոր չորքոտանիները ողջակեզի համար բավական չեն, 17 և բոլոր հեթանոսները նրա համար ոչինչ են, ոչնչություն են համարվում։ 18 Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը, ո՞ւմ նման համարեցիք նրան։ 19 Մի՞թե կուռք է նա, որին կերտել է հյուսնը, և կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝ պատկերի նմանությամբ կերպարանք տալով նրան։ 20 Հյուսնն էլ անփուտ փայտն է ընտրել և խելք ու հնարքի դիմել, թե ինչպես կանգնեցնի այն, որ չշարժվի։ 21 Մի՞թե չլսեցիք ու չիմացաք, ի սկզբանե ձեզ չպատմվե՞ց, չհասկացա՞ք, թե ո՛վ հաստատեց երկրի հիմքերը։ 22 Նա է, որ տիրում է երկրի շրջածիրին, և բնակիչները նրան մորեխի չափ են երևում։ Նա է կանգնեցրել երկինքը կամարի պես, ձգել վրանի պես և հիմնել երկիրը՝ նրա մեջ բնակվելու համար։ 23 Նա է իշխաններին անիշխանության դատապարտում և երկիրն ամայացնում, 24 որպեսզի չսերմանեն ու տունկեր չտնկեն, և նրանց արմատը հողի մեջ չհաստատվի։ Նա կփչի նրանց վրա, և կչորանան, ու փոթորիկը կքշի դրանք՝ իբրև խռիվ։ 25 «Արդ, ո՞ւմ կուզենայիք նմանեցնել ինձ, որին հավասար լինեի»,- ասում է Իսրայելի Սուրբը։ 26 Ձեր աչքերը դեպի վեր բարձրացրեք և տեսե՛ք՝ ո՞վ հաստատեց այս ամենը, ստեղծեց մեծ փառքով ու ահեղ զորությամբ և բոլոր երկնային զարդերին անուններ տվեց. ոչ մի բան ծածուկ չի մնում քեզանից։ 27 Ինչո՞ւ ես ասում, Հակո՛բ, կամ՝ ի՞նչ ես խոսում, Իսրայե՛լ, թե՝ «Իմ ճանապարհները գաղտնի մնացին Աստծուց, և իմ Աստվածը վերացրեց իմ իրավունքներն ու հեռացավ»։ 28 Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր, որ հավիտենական Աստվածը, երկրի սահմանները հաստատող Աստվածը ո՛չ քաղց է զգում և ո՛չ էլ հոգնում. նրա իմաստությունն անքննելի է։ 29 Նա քաղցածներին ուժ է տալիս, իսկ ցավ չունեցողներին՝ տրտմություն։ 30 Երիտասարդները քաղց պիտի զգան, մանուկները պիտի հոգնեն, ընտիր քաջերն անզոր պիտի դառնան, 31 իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia