ԵՍԱՅԻ 35 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչԾաղկած անապատը 1 Ուրա՛խ եղիր, ծարավա՛ծ անապատ, թող ցնծա անապատն ու ծաղկի շուշանի պես։ 2 Թող ծաղկի ու ցնծա Հորդանանի անապատը. նրան պիտի տրվի և՛ փառքը Լիբանանի, և՛ պատիվը Կարմելոսի. իմ ժողովուրդը պիտի տեսնի փառքը Տիրոջ ու վեհությունը մեր Աստծու։ 3 Ո՛ւժ առեք, լքվա՛ծ ձեռքեր ու տկարացա՛ծ ծնկներ, 4 մխիթարվե՛ք, թուլասի՛րտ մարդիկ, գոտեպնդվե՛ք և մի՛ երկնչեք։ Ահավասիկ մեր Աստվածը դատաստանով պիտի հատուցի և վրեժխնդիր լինի, նա ինքը պիտի գա ու փրկի մեզ։ 5 Այն ժամանակ կույրերի աչքերը պիտի բացվեն, և խուլերի ականջները լսեն։ 6 Այն ժամանակ կաղը եղջերուի պես պիտի վազի, և ծանրախոսների լեզուն պարզ պիտի դառնա, քանզի ջուր բխեց անապատում, և գետ՝ ծարաված երկրում։ 7 Ջրազուրկ տեղերը լճակների պիտի վերածվեն, և տոչորված երկրում աղբյուրի ջրեր պիտի բխեն։ Այնտեղ թռչուններն ուրախ պիտի ճռվողեն, հոտերը մակաղատեղ պիտի գտնեն, այնտեղ մարգագետիններ են լինելու և ճահճուտներ։ 8 Այնտեղ մաքուր ճանապարհ պիտի լինի, և ճանապարհը սուրբ պիտի կոչվի. այդ տեղով պիղծը չպիտի անցնի, պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու, ցրվածներն անգամ, այդ տեղով ընթանալով, չպիտի մոլորվեն։ 9 Այնտեղ առյուծ չի լինելու, ու չար գազաններից ոչ մեկն այնտեղով չի անցնելու և այնտեղ ամենևին չի լինելու. այդ տեղով պիտի գնան փրկվածները և Տիրոջ համար հավաքվածները։ 10 Պիտի վերադառնան ու ցնծությամբ գան Սիոն, և նրանց գլխի վրա հավիտենական ուրախություն պիտի լինի, օրհնություն ու ցնծություն պիտի լինի նրանց գլխի վրա, ուրախությունը պիտի պատի նրանց, ցավը, տրտմությունն ու հեծությունը պիտի չքանան։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia